‘Րաֆֆի Հովհաննիսյանը չի գլխավորի Երեւանի ավագանու ընտրությունների ցուցակը (Տեսանյութ)’

980

Ազատության հրապարակում հանրահավաքն ավարտվեց: Ելույթ ունեցավ Րաֆֆի Հովհաննիսյանը: «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը նրան ներկայացրեց որպես «չորրորդ հանրապետության առաջին նախագահ»:

«Ժողովուրդը ոչ մի քայլ չի անելու առանց ինձ եւ ես ոչ մի քայլ չեմ անելու առանց ժողովրդի», — ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը: —  Շնորհակալ եմ տարբեր տեսակետների համար: Բոլորի հետ չէ, որ համաձայն եմ, բայց սա Ազատության, ազատ խոսքի հրապարակն է… Սահմանադրական դատարանի վճռի մասին արդեն խոսվեց, էլ չեմ խորանա: Չնայած ի սկզբանե կար մտավախություն, որ ՍԴ-ն գործադիր իշխանության կցորդն է եւ արդար վճիռ չի կարող կայացնել, բայց որոշեցինք այդ դատարանին տալ իր վերջին հնարավորությունը՝ կիրառել իր անվանը համապատասխան՝ սահմանադրական վճիռ: Սակայն նա տապալեց վերջին փորձությունը… Չեմ կարող չասել իմ բարեկամ Հրայր Թովմասյանին՝ ինչ գործ ունի Արդարադատության նախարարը, որ պետք է պաշտպանի ողջ երկրի արդարադատությունը, պաշտպանելու մեկ թեկնածուի շահերը: Թեկնածու, որը կեղծեց, ծաղրեց ժողովրդի որոշումը: Ցավում եմ քեզ համար Հրայր»:

Խոսելով Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցության վերաբերյալ, Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց, որ սկզբունքորեն դեմ չէ մասնակցել ցանկացած ընտրության, «եւ ինչպես փետրվարի 18-ին հաղթեցինք, այնպես էլ տանելու ենք այս հաղթանակը քաղաք առ քաղաք, գյուղ առ գյուղ»: Նա ասաց, որ ավագանու ընտրությունների ցուցակը կներկայացվի հաջորդ շաբաթ:   

«Երեւանի քաղաքապետը մեզանից է լինելու, Դա ես չեմ լինելու, լինելու է մեզանից մեկը: Ոչ թե վերցնելու ենք քաղաքը, այլ վերադարձնելու ենք ժողովրդին», -ասաց նա:

Հովհաննիսյանն անդրադարձավ նաեւ Մայր Աթոռի այսօրվա հայտարարությանը, որում եկեղեցին հորդորում էր «քաղաքական նպատակներով չշահարկել Սուրբ եկեղեցու անունը»:

«Մեր կողմից ոչ մի քաղաքական գնահատական եկեղեցուն չկա: Ամոթ այս հայտարարությունը գրողներին: Երկրորդը՝ այո, աղոթքի շրջան է, եւ ինչպես ես ամեն օր աղոթում եմ Վեհափառի եւ Սերժ Սարգսյանի համաչ, թող իրենք էլ աղոթեն մեզ համար, ոչ թե ստի եւ կեղծիքի համար: Ես Հայ Առաքելական մայր եկեղեցու որդի եմ: Մկրտվել եւ պսակվել եմ Եկեղեցու մեջ: Եթե այս հաղորդագրության միջոցով ուզում են սպառնալ, որ թույլ չեն տալու ինձ թաղել Հայ ազռաքելական եկեղեցու մեջ, ապա՝ դա կլինի ցանկացած անկյուն Հայաստանի, քանի որ դա իմ եկեղեցին է, իմ սրբությունն է», — ասաց Հովհաննիսյանը::

Նա անդրադարձավ նաեւ ԵԺԿ նախագահ Մարթենսի այսօրվա հայտարարությանը, որում վերջինս տարակուսանք էր հայտնել Հովհաննիսյանի քննադատությունների վերաբերյալ:

«Հայտնի շնորհավորանքն ուղարկելով ինքը կեղծեց Եվրոպայի բարձր արժեքները: Նա ինձ ասում է՝ իբր ես պատրանքների մեջ եմ: Նա է պատրանքների մեջ, որովհետեւ մենք ենք այդ արժեքները տվել Եվրոպային, թող դասեր չտան: Թող ոչ ինքը, ոչ եվրոպական մայրաքաղաքները, ոչ ԱՄՆ-ը իրենց մեղսակցությամբ դասեր չտան մեզ, որովհետեւ մենք ենք բերել իսկական ժողովրդավաությունը Հայաստան», — ասաց նա: Ըստ Հովհաննիսյանի, եթե Մարթենսի կեցվածքը դառնա ԵԺԿ ընդհանուր ինստիտուցիոնալ դիրքորոշումը, Ժառանգությունը կվերանայի իր անդամակցությունն «այդ կեղծ եվրոպական կազմակերպության մեջ»:

Հովհաննիսյանը հայտարարեց, նաեւ որ գալիք կիրակիից սկսած ամեն օր ժամը 17-ից հրապարակում հրավիրվելու է քաղաքացիական խորհուրդ, «որը բերելու է նոր դատական, գործադիր իշխանություն, եւ հետո նոր՝ օրենսդիր»:

Նա տեղեկացրեց նաեւ, որ հաջորդ հանրահավաքը տեղի կունենա հաջորդ ուրբաթ՝ ժամը 18-ին: «Այլեւս զոհ. Նահատակ, պարտված ժողովուրդ չենք, հաղթած ենք: Մեր ձեռքից մեր հաղթանակը ոչ ոք չի խլելու: Այլեւս երբեք», — եզրափակեց Րաֆֆի Հովհաննիսյանը:

 

Նախորդ հոդվածը‘Արոնյան – Կառլսեն՝ ոչ-ոքի’
Հաջորդ հոդվածը‘Իսկական ՀՀԿ-ական պատգամավոր. Ս. Ֆարմանյան 1 դեմ, ոչ մի ելույթ ‘