‘Րաֆֆի Հովհաննիսյանը վաղը «մի երկու խոսք կասի» նաեւ Երեւանի ավագանու ընտրությունների մասին (տեսանյութ)’

1071

Րաֆֆի Հովհաննիսյանի համար Ազատության հրապարակում վրան պետք է տեղադրեն ոստիկանները՝ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով, ասուլիսի ժամանակ հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը: Նա նշեց, որ մի շարք քաղաքացիներ նախաձեռնել են վրան տեղադրել՝ թեեւ նա դրա մասին չի խնդրել: «Քաղաքացիներն են առաջարկել վրան տեղադրել, այնինչ դա ոստիկանությունը պետք է արած լիներ՝ հարգելով իմ սահմանադրական իրավունքը», — ասաց Հովհաննիսյանը՝ հավելելով, որ մինչեւ ոստիկաններն իրենց ձեռքով վրան չտեղադրեն, այդ հարցը փակված է համարում:

Հիշեցնենք, որ այսօր կեսօրին ոստիկանները խոչընդոտել են, որ Ազատության հրապարակում հացադուլի նստած Րաֆֆի Հովհաննիսյանի համար վրան տեղադրվի:

Ի դեպ, Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը հայտարարություն է տարածել, որում նշվում է, որ ոստիկանության՝ վրան տեղադրելու արգելքը իրավաչափ չէ, եւ խախտում է մարդու իրավունքները:

Րաֆֆի Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ, երբ դերասան Վարդան Պետրոսյանն այսօր Ֆրանսիական համալսարանի ուսանողական խորհրդի հրավերով գնացել էր համալսարան՝ ելույթ ունենալու ուսանողների առաջ, ոստիկանությունն արգելել է նրա մուտքը համալսարան:

Ի պատասխան հարցի՝ արդյո՞ք «Ժառանգություն» կուսակցությունը պատրաստվում է Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցել, եւ ի՞նչ ձեւաչափով, Հովհաննիսյանը նշեց, որ վաղը՝ ժամը 17-ին կայանալիք հանրահավաքին «երկու խոսք կասվի նաեւ ապագա ծրագրերի մասին»:

«Մինչեւ ապրիլի 9-ը կլինի կամ ինքնաբացարկ, կամ նոր ընտրությւոններ կնշանակվեն, կամ ժողովուրդն ինքը կորոշի իր անելիքը», — ասաց նա:

«Փետրվարի 18-ից ի վեր ես եւ ժողովուրդը միասին ենք: Ես առանց ժողովրդի որեւէ բան չեմ անելու, ոչ էլ ժողովուրնդն՝ առանց ինձ», — ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:

Նա տեղեկացրեց նաեւ, որ շաբաթ օրը տեղի կունենա ռոք համերգ՝ «Ոստան հայոց» եւ «Որդան կարմիր» խմբերի մասնակցությամբ: 

Նախորդ հոդվածը‘Չիլիում բացվել է աշխարհի ամենախոշոր աստղադիտարանը’
Հաջորդ հոդվածը‘Կինոկենտրոն. «Գարեգին Նժդեհը» Կաննի կինոփառատոնին չի ներկայացվի’