‘
«Ողջունում եմ, ՀԱԿ, Դաշնակցություն, Սարդարապատ, բոլորին, ովքեր մեզ հետ են եղել», — Ազատության հրապարակում հանրահավաքի ժամանակ այսօր ասաց Մոսկվայից վերադարձած, բայց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին այդպես էլ չհանդիպած «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը: Նա կոչ արեց քաղաքական ուժերին՝ իր օրինակով ընդունել սեփական սխալները եւ ապրիլի 16-ին Երեւանի Անի պլազա հյուրանոցում հավաքվել՝ հետագա անելիքները քննարկելու համար: «Միասին, համազգային ճակատով կկարողանանք այս տարվա ընթացքում դուրս գալ այս իրավիճակից», ասաց նա:
Մինչ այդ նա հայտարարել էր, որ փետրվարի 18-ից մինչեւ ապրիլի 9-ը «լիքը սխալներ է թույլ տվել»: Բայց թե կոնկրետ ինչ սխալներ է արել, եւ որոնք է դրանցից ընդունում, չասաց: Հետագա ծրագրերի մասին հայտարարություններից պարզ դարձավ, որ Հովհաննիսյանը ապրիլի 24-ին երթ է անցկացնելու: «Ապրիլի 23-ի գիշերը մենք կմիանանք ՀՅԴ երթին եւ կակնկալենք, որ ապրիլի 24-ին առավոտյան Ազատության հրապարակից բոլորս միասին երթով կգնանք Ծիծեռնակաբվերդ՝ տուրք տալու ոչ միայն անցյալին, այլեւ ապագային: Ով դեմ կանգնեց ժողովրդին, ով իր հատվածական կուսակցական մարմնի շահը առաջ տարավ, նրան ժողովուրդը չի ներելու: Փետրվարի 18-ի օրինակով՝ ոչ մի վախ: Մենք վախը բացառեցինք, արյունը բացառեցինք, եւ հաղթանակը մերն է», — ասաց Հովհաննիսյանը:
Ի դեպ, հիշեցնենք, որ այս հանրահավաքի մասին ազդարարող հայտարարություններում, «Ժառանգությունը» խոստանում էր, թե Հովհաննիսյանը պետք է հանդես գա ծրագրային ելույթով:
‘