‘Րաֆֆի Հովհաննիսյանին ընդդիմացող տիկնոջը կապանցիները ճանապարհեցին սուլոցներով’

1385

Սյունիքի մարզպետարանի դիմաց կապանցիների հետ հանդիպմանը Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ «մինչեւ Սերժ Սարգսյանի հեռանալը» պահանջում է մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հրաժարականը: Հանրահավաքին պատկառելի թվով մարդիկ էին հավաքված:

 «Դիմացի մայթի պաշտոնյային մի քանի քաղաքից հրավիրել եմ, եթե էդ մարդն ու Հայաստանի անիրավությունը, սուտը, կեղծիքն իրար հետ կապ ունեն, ապա նա Նժդեհի հետ կապ չունի: Այն, որ նա ազատամարտիկ է եղել, ես հարգում եմ իր անցյալը: Բայց անցյալն անցյալ է, եւ մենք փետրվարի 18-ին բերեցինք նոր Սյունիք, Նոր Հայաստան, եւ նա դա պետք է գիտակցի», — ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:

Նրա ելույթն ընդհատեց մի կին: Ներկայանալով որպես ազատամարտիկի քույր՝ տիկին Մագդան հայտարարեց, որ «որեւէ մեկն իրավունք չունի պահանջելու ազատամարտիկ մարզպետի հրաժարականը»:

«Խնդրում եմ, ունեցեք թասիբ, նամուս, եղեք պատվախնդիր, եւ հեռացեք այստեղից»,-ասաց տիկինը: Նրա խոսքերն ուղեկցվում էին հավաքվածների սուլոցներով:

Րաֆֆի Հովհաննիսյանը, դժվարությամբ հանդարտացնելով մարդկանց,  ասաց, որ  ողջունում է տիկնոջ քաջությունը: «Կապանի հրապարակում միշտ ազատ խոսք, ազատ բանավեճ պիտի լինի, կարող է համաձայն չլինենք իրար հետ, բայց  լսենք եւ հարգենք միմյանց» , — ասաց Հովհաննիսյանը՝ հավելելով, որ հարգելու պահանջը վերաբերում է նաեւ Սուրեն Խաչատրյանին եւ Սերժ Սարգսյանին:

«Իմ պահանջով չէ, որ Մագդայի սիրեցյալ մարզպետը պետք է հրաժարական տա, դա պետք է լինի ձեր պահանջով: Մենք  այսօր պատմություն ենք կերտում», — ասաց նա:

Րաֆֆի Հովհաննիսյանին ընդհատեց մեկ այլ տարեց մարդ: Հովհաննիսյանը հարցրեց նրան՝ «կարեւորն իմ խո՞սքն է, թե ձեր հարցը»: «Մարդը պատասխանեց՝ «իմ հարցը»: Րաֆֆին խոսափողը փոխանցեց նրան:

 Ծերունին ներկայացավ որպես հին կոմունիստ եւ հարցրեց՝ «ուզում եմ իմանամ՝ դուք ռուսամոտ քաղաքականութուն եք վարելու, թե՞ արեւմտամոտ (վրիպակ չկա-խմբ.), որովհետեւ, եթե դաշնակները 20 թվին ռուսամոտ լինեին, մենք Արեւմտյան Հայաստանը չէինք կորցնի»:  Հավաքվածներն այս հարցը նույնպես փորձում էին խլացնել իրենց վանկարկումներով:

Րաֆֆի Հովհաննիսյանն ի պատասխան նշեց, որ այլեւս, ամերիկամետության, ռուսամետության ժամանակներն անցել են: «Հիմա մենք ունենք Հայաստանի ազգային շահ. ով հարգի Հայաստանի ազգային շահը, մեր իրավունքը, ինքը մեր ռազմավարական գործընկերներն է: Առաջիկան հինգ տարիները դուք կտեսնեք, որ Ռուսաստանի, ԱՄՆ-ի,  Չինաստանի եւ Եվրոպայի հետ հարաբերությունները վերընթաց են ապրելու», — ասաց Հովհաննիսյանը: Ակնարկելով Ռուսաստանին, նա անընդունելի համարեց՝ «այսօր Ս-300 Հայաստանին տալ, իսկ մյուս օրն այդ նույն համակարգը վաճառել Ադրբեջանին»:

«Ես հանդիպեցի (ՌԴ) դեսպանին եւ հստակ ասացի՝ գուցե «մյախկի զնակների» հետ խնդիր ունեմ, բայց ասացի՝ դուք հարգեք մեր շահը մեր թշնամիներին մի զինեք, եւ մեր գլխի վրա տեղ ունեք», — ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:

Հանդիպման ավարտին նա հայտարարեց, որ ցանկացողների հետ միասին կբարձրանա Խուստուփի լանջին գտնվող  Գարեգին Նժդեհի շիրիմին, «քանի որ Նժդեհն ազգային արժեք է, այլ ոչ կուսակցական», այնուհետեւ կուղեւորվի Գորիս եւ Սիսիան: Իսկ փետրվարի 28-ին նա բոլորին հրավիրեց Երեւան՝ «համազգային հանրահավաքի»: 

Նախորդ հոդվածը‘Իրանահայերը բողոքի ցույց են անցկացրել Թեհրանում Թուրքիայի դեսպանատան առջև (լուսանկարներ)’
Հաջորդ հոդվածը‘Հաղորդավարը ուղիղ եթերում խայտառակ է եղել՝ չճանաչելով օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոնին. Տեսանյութ’