‘Րաֆֆի Հովհաննիսյանի կարգախոսը նշանակում է «Բալքիմ». Մամուլ’

1086

«Չորրորդ ինքնիշխանությունը» իր «լուր-մեկնաբանություն» խորագրի ներքո գրում է.

«Պատասխանելով այն հարցին, թե ո՞րն է լինելու իր նախընտրական կարգախոսը, Րաֆֆի Հովհաննիսյանն ասել է՝ «Հնարավոր է»:

«ՉԻ» — Սա, իհարկե, շատ լավ կարգախոս է: Ափսոս միայն, որ այնքան էլ հասկանալի չէ, թե ի՞նչ համատեքստում է հնչում այդ կարգախոսը և ի՞նչ է նշանակում: Օրինակ, եթե մարդն ինչ-որ մեկին ինչ-որ տեղ է հրավիրում, ու նա ասում է, որ հնարավոր է՝ գա, դա նշանակում է, որ հնարավոր է նաև՝ չգա: Այսինքն՝ տվյալ դեպքում «Հնարավոր է»-ն նշանակում է «Բալքիմ»: Եվ այդ կարգախոսը, նկատենք, լիովին համապատասխանում է Րաֆֆի Հովհաննիսյանի անկոտրում ոգուն:

Մյուս կողմից, սակայն, ակտիվ քարոզարշավի փուլում կարգախոսը կարող է շատ արդյունավետ աշխատել, մանավանդ՝ եթե հիշենք, որ Րաֆֆի Հովհաննիսյանը սովորություն ունի իր մարզային հանդիպումները «համընկնեցնել» Սերժ Սարգսյանի հանդիպումների հետ: Պատկերացնո՞ւմ եք ինչ սիրուն կստացվի: Բեմ է բարձրանում Սերժ Սարգսյանն ու հուզմունքից փոքր-ինչ խզված ձայնով գոչում. «Դեպի ապահով Հայաստան», որից հետո Րաֆֆի Հովհաննիսյանը բացականչում է «Հնարավո՛ր է»: Այ դա կլինի իսկապես քաղաքակիրթ պայքար»:

Նախորդ հոդվածը‘Ալիսա Պարսեղովան` ԼՂՀ վերահսկիչ պալատի խորհրդի անդամ’
Հաջորդ հոդվածը‘Ժամը 12.00-ի դրությամբ Սարավանի լեռնանցքը բացվել է’