‘Րաֆֆի Հովհաննիսյանի կնոջ ղեկավարած «Օրրանը» դիմել է Քիմ Քարդաշյանին’

1107

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի կնոջ՝ Արմենուհի Հովհաննիսյանի գլխավորած «Օրրան» բարեգործական կազմակերպության ԱՄՆ-ի ներկայացուցիչը՝ զարգացման հարցերով տնօրեն Քրիստի Խաչիկյանը, բաց նամակով դիմել է ամերիկահայ հեռուստաաստղ, մոդել Քիմ Քարդաշյանին, հայտնում է tert.am-ը՝ հղում անելով ամերիկյան Huffington Post-ին:

Նամակում Խաչիկյանն ասում է, որ Քիմի շատ երկրպագուներ վստահաբար Google-ում փնտրել են նրա ազգանվան ծագումը՝ ի տարբերություն իրեն: «Քեզ պես ես էլ հայ հոր դուստր եմ», — գրել է Խաչիկյանը՝ ասելով, որ մեկն է այն միլիոն հայերից, որոնք բնակվում են ԱՄՆ-ում՝ «անվերջ, ամենօրյա հնարավորություններով»:

Նամակում Քիմին տեղյակ է պահվում, որ հայաստանցիները «ստեղծարար են ու նախաձեռնող, սակայն նախկին ԽՍՀՄ-ի ստվերում են՝ մշտապես պայքարում են չքավորության և հալածանքների դեմ»:

Խաչիկյանը Քարդաշյանին հայտնում է, որ «այսօրվա Հայաստանի ողբերգություններից մեկն այն է, որ խեղճ ծնողները երեխաներին ստիպում են փողոց դուրս գալ՝ փող մուրալու՝ որպես իրենց ընտանիքի միակ եկամտի աղբյուր»: Ըստ այդմ՝ Հայաստանում չքավորությունը կրկնապատկվել է, և 14 հազար հայաստանցի երեխա դպրոց չի գնում, քանի որ նրանց ընտանիքներն իրենց դա թույլ տալ չեն կարող: Խաչիկյանը պատմում է, որ գոյատևելու համար այլ երեխաներ Հայաստանում սնունդ են փնտրում աղբի մեջ:

«Այս երեխաները Հայաստանի ապագան են, և Քարդաշյանների իրապատում շոուն կարող է օգնել փրկել նրանց», — գրում է Խաչիկյանը՝ հիշեցնելով Քիմին նրա իսկ վերջին tweet-երից մեկը (որում նա Հայաստան այցելելու ցանկություն է հայտնում): Խաչիկյանը պատմում է, որ ինքն էլ մոտավորապես Քիմի տարիքում է իր առաջին երեխայով հղի եղել,  առաջին անգամ Հայաստան այցելել, ծանոթացել «Օրրանին»:

HP-ն գրում է, որ «Օրրանը» հայաստանցի մուրացիկ երեխաներին օգնող կազմակերպություն է և նշում հասցեն՝ Orran.am: Մանրամասն պատմելով «Օրրան»-ի բարեգործական գործունեության մասին՝ Խաչիկյանը հայտնում է, որ այն «փոխել է հազարավոր երիտասարդ կյանքեր»: Հաջորդիվ առաջարկվում է, որ «այս գարուն «Քորթնին և Քիմը միանում են «Օրրանին»» ուղևորությունն ավելի շատ կյանքեր կփոխի»:

«Օրրանի» ներկայացուցիչն ասում է, որ եթե Քիմին առաջարկը հետաքրքրի, ապա իրենք կծրագրեն նրա այցերը: Քարդաշյանին առաջարկվում է մասնավորապես այցելել Հայոց ցեղասպանության հուշահամալիր և Էջմիածին՝ «աշխարհի ամենահին պետականորեն կառուցված եկեղեցին»: Վերջում Քիմին հիշեցվում է, որ հայ երեխաներն էլ «անվերջ հնարավորությունների» են արժանի, քանի որ ճիշտ այնպիսին են, ինչպիսիք Քիմը և Խաչիկյանը: Բացատրվում է նաև, թե ինչ է նշանակում «օրրան» (haven` նավահանգիստ, հանգրվան), առաջարկում, որպեսզի իր ընտանիքը կազմելու ճանապարհին գտնվող հղի աստղը «հանգրվան առնի»:

Իր հերթին HP-ն հարցադրում է անում՝ արդյոք Քիմն ու Քորթնին կհանգրվանե՞ն:

Նախորդ հոդվածը‘ՄԻՊ-ն իրազեկում է աշակերտներին իրենց իրավունքների և պարտականությունների մասին’
Հաջորդ հոդվածը‘Հայաստանն ամենաերջանիկ երկրների աղյուսակում 53-րդն է’