‘Րաֆֆի Հովհաննիսյանի «Մարտի 8-ի» շնորհավորանքը Գալուստ Սահակյանին (Տեսանյութ)’

1723

Բոլորս հղիացել են հայոց հույսով, հղիացել ենք հաղթանակով: Ազատության հրապարակում հրավիրված հանրահավաքում իր ելույթն այսպես սկսեց Րաֆֆի Հովհաննիսյանը: Մինչ այդ նա հորդորեց իրեն ճիշտ հասկանալ, քանի որ «վերջերս մեկ-մեկ ինձ սխալ են հասկանում, մեկ-մեկ էլ՝ ես սխալ բաներ եմ ասում»: Ի դեպ, հանրահավաքը վարում էր երիտասարդական ամսագրերից մեկի խմբագիր Անի Քոչարը:

Րաֆֆի Հովհաննիսյանը ներկայացրեց վաղվա իր ծրագրերը՝ այցելություն Գեղարքունիքի մարզ՝ նախ Վարդենիս, ապա Մարտունի, Գավառ եւ Սեւան: «Գեղարքունիքում վախի մթնոլորտը առանձնահատուկ է, պետք է գնանք ցրելու, եւ ասելու, որ հաղթել ենք: Գեղարքունիքի մարզպետը նույնպես հրաժարական է տալու, ինչպես պարոն Լիսկան (Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը-խմբ.)», — ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը: Նա տեղեկացրեց, որ մարտի 10-ին Ազատության հրապարակում «շատ կարեւոր հայտարարություն» ունի անելու: «Մեկ մարդ լինի այստեղ, հազար, թե միլիոն, ես այդ հայտարարությունն անելու եմ: Հայտարարություն, որը ցույց կտա գալիք ճանապարհը», — ասաց նա:  Հովհաննիսյանի խոսքով, մարտի 10-ի հանրահավաքից հետո «իր կողմից հարգված Սերժ Սարգսյանը» այլեւս ոչ թե իր պահանջով պետք է ինքնաբացարկ հայտարարի, այլ պիտի խնդրի, որ հրաժարականի հնարավորություն տրվի իրեն: 

Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց նաեւ, որ մարտի 10-ին նույն ժամին «Ժառանգության» ներկայացուցիչները լինելու են Սյունիքում՝ հանդիպելու «պարոն Լիսկային» եւ զորակցություն հայտնելու քրեական հետապնդման ենթարկված Ծավ գյուղի գյուղապետին: Միեւնույն ժամանակ մեկ այլ խումբ էլ այցելելու է «պարոն Աբրահամյանի ենթակայության տակ գտնվող» Արարատի մարզ, որտեղ Ջրաշեն գյուղի բնակիչներին զրկել են գազից, քանի որ գյուղացիները Րաֆֆիին են ընտրել: «Դուք ձեր գազի մասին մտածեք: Մենք գազ էլ ենք ունենալու, ջուր է, ապագա էլ», — դիմելով տեղի իշխանավորներին՝ ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:

Ըստ նրա, Հանրապետական կուսակցությունը շուտով փոքրամասնություն է դառնալու ամեն տեղ: Նա հիշեց ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանին, որը վերջերս մամուլում հայտարարել էր, թե Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքները մեկ բացատրություն ունեն՝ Րաֆֆին մանկուց երազել է նախագահ դառնալ: «Փաստորեն, ոչ միայն ՀՀԿ-ի երիտասարդներն են իրենց չարաճճի հայտարարություններ թույլ տալիս, այլեւ պարոն Սահակյանը: Չգիտեմ՝ որն է նրա մանկական երազանքը, բայց իմ երազանքն է եղել ապրել ազատ, անկախ, միացյալ ու քաղաքացիական Հայաստանում»,- ասաց Հովհաննիսյանը՝ շնորհավորելով Գալուստ Սահակյանին կանանց տոնի կապակցությամբ. «Եկեք շնորհավորենք, շուտով նա էլ է փոքրամասնություն դառնալու»:

Իր ելույթի ավարտին Րաֆֆի Հովհաննիսյանը խոսքը փոխանցեց տիկնոջը՝ Արմինե Հովհաննիսյանին:

«Իմ մեծ պատիվը, սերը, ճակատագիրը: Երեւանում ծնված մի աղջիկ, որը 10 տարեկանում մեկնեց Ամերիկա՝ թեթեւ կյանքի ակնկալիքով, հետո սխալ հաշվարկ արեց ու ամուսնացավ ինձ հետ: Մենք վերադարձանք, ինչպես բոլորն են վերադառնալու առաջիկա հինգ տարիներին», — եզրափակեց նա:

Նախորդ հոդվածը‘Ոչ թե ծաղիկներ, այլ իրավահավասարություն:’
Հաջորդ հոդվածը‘Ֆլեշմոբ Երեւանում. «Ամեն օր՝ Մարտի 8» (Ֆոտոշարք)’