‘Րաֆֆի Հովհաննիսյան. Ապրիլի 9-ից հետո ընդդիմություն չենք լինի (Տեսանյութ)’

2002

«Այն համալիր առաջարկը, որ ուղարկել եմ Սերժ Սարգսյանին,  անբաժանելի է»: Ազատության հրապարակում բաց ասուլիսի ժամանակ հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը:

«Այն, ինչ ուղարկվել է, մեր նվազագույն շեմն է: Դա չի նշանակում, որ նա չի կարող ինչ-որ մի կետ հանել, բայց ինչը որ հանեց, պիտի մի կետ ավելացնի», -նշեց նա:

Հովհաննիսյանը հավաստիացրեց, թե նախորդ ուրբաթ Սերժ Սարգսյանին ուղղած իր նամակով պաշտոններ չի ցանկանում. «Ուշադիր կարդացեք եւ կտեսնեք, որ այնտեղ խոսքը գնում է իշխանությունը ժողովրդի հետ կիսելու մասին՝ նվազագույնը՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններ, առնվազն հինգ մարզպետեր եւ այն ութ ոլորտների կառավարում, որի մասին ասվել է: Ես չեմ պատրաստվում պաշտոն ստանձնել որեւէ կոալիցիոն կառավարության կազմում»:

Րաֆֆի Հովհաննիսյանը բացառեց, որ «այս հանգրվանում»՝ մինչեւ ապրիլի 9-ը, կարող է Ազատության հրապարակից դուրս հանդիպել Սերժ Սարգսյանի հետ:  

«Ասել եմ, որ կարող ենք Ազատության հրապարակում հանդիպել, իսկ եթե ինչ-որ արգելք կա, առայժմ կարող ենք, թող գրավոր ինքը պատասխանի, եթե ցանկություն լինի՝ դեմ առ դեմ հանդիպել: Իսկ այս հանգրվանի մեջ ես Ազատության հրապարակից պարզապես դուրս չեմ գնա: Եթե դուրս գալու լինեի, կգնայի Հակոբ Հակոբյանի հուղարկավորությանը, կգնայի եկեղեցի, կմասնակցեի Ծաղկազարդին», — ասաց Հովհաննիսյանը՝ հավելելով, որ նախընտրում է բաց հանդիպում, բայց եթե Սարգսյանը փակ է ուզում՝ խնդրեմ»:

Նա, իր խոսքով, կողմ է ուղիղ եթերով հանդիպման՝ լրատվամիջոցների մասնակցությամբ, «բայց կարծում եմ, որ դասեր քաղելով անցած փորձից՝ անպայման պիտի արձանագրությունը լինի նաեւ մեր ձեռքում»:

Հովհաննիսյանը նաեւ նշեց, որ առաջին հերթին համաքաղաքացիներն են, որ որոշելու են իր առաջիկա քայլերը: Իսկ համաքաղաքացիները, նրա խոսքով, փետրվարի 18-ին լիազորել են իրեն՝ խոսելու իրենց անունից: Հարցին, թե ինչ պետք է ակնկալել ապրիլի 9-ից, Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանեց.  «Ապրիլի 9-ից հետո մենք ընդդիմություն չենք լինի»:

Հիշեցնենք, որ ապրիլի 9-ին Մարզահամերգային համալիրում նախատեսված է Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությունը: Նույն օրը «Նոր Հայաստանի երդմնակալություն» են պատրաստվում իրականացնել նաեւ Րաֆֆի Հովհաննիսյանի համախոհները՝ Ազատության կամ Հանրապետության հրապարակում:

 

Նախորդ հոդվածը‘Պիկասոյի վնասված կտավը վաճառվել է 155 միլիոն դոլարով’
Հաջորդ հոդվածը‘ԿԸՀ-ն 48 ժամ է տվել՝ «Առաքելություն» կուսակցության փաստաթղթերը լրացնելու համար’