‘Րաֆֆի Հովհաննիսյան. Ժառանգորդն ենք բոլոր ժողովրդական շարժումների՝ 1991-ից մինչեւ 2008թթ. (Տեսանյութ)’

806

Աղոթում եմ Սերժ Սարգսյանի եւ Վեհափառի (Գարեգին 2-րդի) համար: Ազատության հրապարակում ասուլիսի ժամանակ ասաց «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:

Նրա խոսքով հացադուլն իր անձնական, քաղաքացիական դիրքորոշումն է՝ «առանց որեւէ մեկին դատելու»: «Փետրվարի 18-ից մենք ունենք հասարակական նոր մանրակերտ: Հին մոդելները հասարակությունը ջարդեց: Այսօր առանձին վերցրած քաղաքական կուսակցություններից, այդ թվում՝ «Ժառանգությունից» ավելի կարեւոր է քաղաքացիական համախմբումը, միասնությունը, օրակարգի ստեղծումը, որին պետք է սպասարկեն քաղաքական կուսակցությունները: Քաղաքական կոնսոլիդացիան շատ ավելի արագ տեղի կունենա մարտի 10-ից հետո, քան թե դրանից առաջ», — ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:

Նրա խոսքով, «մենք միասին ժառանգորդն ենք նախկին բոլոր ժողովրդական շարժումների՝ սկսած 91-ից, 1995-ի, 1998, 2003-ի, 2008-ի թե շարժման, թե Մարտի 1-ի: Այս պայքարը պատկանում է բոլոր սերունդներին, որոնք բերեցին այս օրվան»:

Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, որ հացադուլով ինքնամաքրվում է անցյալում գործած սխալներից նաեւ:  iLur.am-ի թղթակիցը հիշեցրեց մամուլում իր հասցեին հնչող քննադատությունները,  Հովհաննիսյանի՝ 2008-ի ապրիլի 9-ին Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությանը մասնակցելու մասին: Գուցե այդ մասնակցությունն է՞լ սխալներից մեկն էր:

Ի պատասխան՝ պարոն Հովհաննիսյանը հիշեցրեց, որ 2008-ի մարտի 1-ին ԵԽԽՎ անունից որպես դիտորդ մասնակցում էր Ռուսաստան նախագահական ընտրություններին:

«Ցավում եմ, որ Մարտի 1-ին Երեւանում չէի: Պետք է Պետերբուրգից վերադառնայի եւ անմիջապես գնայի Բաքու՝  ԵԽ համագումարին մասնակցելու համար: Այդ այցը հետաձգվեց: Որ իմացա Մարտի 1-ի ողբերգության մասին, կրճատեցի իմ առաքելությունը Պետերբուրգում, հասա Երեւան մարտի 2-ի առավոտյան, անմիջապես գնացի հիվանդանոցներ՝ այցելելու վիրավորներին: Արմեն Մարտիրոսյանի մոտ, որը ոստիկանի կյանք փրկեց՝ իր վրա վերցնելով դաշույնը», — ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:

Նրա խոսքով, Մյասնիկյանի արձանի մոտ այդ օրը ոստիկանի եւ քաղաքացու միջեւ «ոչ թե եկեղեցին էր, ոչ թե այլ պատասխանատուներ», այլ «Ժառանգության» պատգամավորները՝ ի թիվս այլ մարդկանց:

«Ես խոնարհվում եմ այդ մարդկանց առաջ, որովհետեւ փրկեցին կյանքեր՝ քաղաքացու եւ ոստիկանի: Եվ թող ոչ մեկը իմ անվան հետ չկապի տասը դիակներ նույնիսկ հանուն հռետորաբանության, որովհետեւ այդ պատասխանատվությունը գտնվում է ուրիշ տեղ, կամ ուրիշ տեղեր: Եվ մինչեւ հիմա հայ ժողովուրդը ողջ ճշմարտությունը չգիտի այդ տեղերի մասին», — նշեց Րաֆֆի Հովհաննիսյանը:

Իսկ 2008-ին Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությանն իր մասնակցության վերաբերյալ ասաց. «Որոշեցի իմ ընդդիմությունը ներկայացնել իմ ներկայությամբ, այլ ոչ թե բացակայությամբ: Սեւազգեստ գնացի, լսեցի եւ դուրս եկա շենքից: Եվ ով ասի, թե շամպայն խմեցի կամ շնորհավորեցի, սուտ է ասում, եւ ներողություն եմ պահանջում իրենից», — եզրափակեց Հովհաննիսյանը: 

Նախորդ հոդվածը‘Տոմաս Մյուլերը դեմ չէ 1/4 եզրափակիչում խաղալ «Բարսելոնայի» հետ’
Հաջորդ հոդվածը‘Մեծ թատրոնի դերասանները բաց նամակ են պատրաստում՝ ի պաշտպանություն Դմիտրիչենկոյի’