‘
«Թեեւ Գանդին քրիստոնյա չէր, բայց տարբեր մարգարեներից, ինչպես նաեւ՝ Փրկչից վերցրեց իրենց փլիսոփայությունը: Գանդին ասում էր հնդիկ ժողովրդի մասին, որն ապրում էր անիրավության կայսերական ուժի տակ: «Նախ նրանք մեզ անտեսում են, ծաղրում են, հարվածում են, իսկ վերջում մենք հաղթում ենք»: Սա նաեւ մեր պայքարին է վերաբերում»,- Ազատության հրապարակում իր ելույթն այսպես սկսեց Րաֆֆի Հովհաննիսյանը:
Նրա խոսքով, հայ ժողովուրդը հանդես եկավ «շատ պարզ, մաքուր, հայկական ծրագրով՝ կամ ինքնաբացարկ, հրաժարական՝ նոր նախագահական ընտրությունների կազմակերպմամբ, կամ ժողովրդի հետ՝ ներառյալ հասարակությունը, ընդդիմությունը, իշխանության կիսում», — ասաց Հովհաննիսյանը՝ հիշեցնելով նախորդ շաբաթ հրապարակում իր հնչեցրած առաջարկները Սերժ Սարգսյանին:
«Մինչ օրս այդ բանական շրջահայաց առաջարկին համաձայնություն չի եղել, եւ ոչ էլ որեւէ բովանդակային պատասխան: Նույնիսկ ռիսկ չեն արել բացել 1900 ընտրատուփերը կամ անգամ այդ 150-ը՝ որ մենք մատնանշեցինք, որպեսզի կասկածը, թվաբանական խաղը ժողովրդից դուրս գա: Դա նրա (Սերժ Սարգսյանի-խմբ.) լիազորությունն է, բայց չի արել: Ինչու՞, որովհետեւ վախենում է ճշմարտությունից: Որովհետեւ, եթե բացեցին, Սյունիքից մինչեւ Երեւան, պարզ կլինի, որ հայ ժողովուրդը ոչ թե 51/49 հարաբերակցությամբ, այլ ջախջախիչ հաղթանակ տարավ փետրվարի 18-ին» — ասաց Հովհաննիսյանը:
Ըստ նրա, իշխանությյան կուսակցության ներկայացուցիչները, որոնք պայքարը որակում են «շոու», «կապրիզ», «բռնազավթում», բառերով, իրականում իրենք են այդ որակումների կրողները:
«Վստահ եմ, որ ժողովուրդը միշտ պատրաստ է համալիր լուծումների, Սա պաշտոնակռիվ չէ, նրանք ովքեր խոսում են բազարների, գործարքների մասին՝ իշխանական թե կիսաընդդիմադիր: Նրանք, ովքեր իրենաց կյանք ապրել են պաշտոնների համար կռվով: Մեր ժողովուրդը հայրենիքի ապագան եւ ազատությունն է ուզում, — ասաց նա:
Րաֆֆի Հովհաննիսյանը ներկայացրեց նաեւ հաջորդ շաբաթվա անելիքները: Նախ նա երկուշաբթի ռավոտյան Կապանում «ժամադրության» հրավիրեց Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին, որը մամուլում սպառնացել է «ջարդել Րաֆֆի Հովհաննիսյանի գլուխը»:
Այնուհետեւ՝ նույն օրը ժամը 12-ին՝ Գորիս, ապա՝ Սիսիան, Եղեգնաձոր, Արարատ քաղաքներում կհանդիպի մարդկանց հետ, որից հետո կմեկնի Արտաշատ, «որտեղ լիքը փոփոխություններ են լինելու այս տարվա ընթացքում»:
Հաջորդ մի քանի օրերին Հովհաննիսյանն իր համախոհների հետ միասին մտադիր է լինել հանրապետության այլ մարզերում, իսկ ապրիլի 5-ին, նրա խոսքով, կլինի մեծ հավաք Ազատության հրապարակում: «Այդ ժամանակ հպանցիկ կներկայացնենք «Բարեւ Երեւան» ցուցակը: Ապրիլի 5-ին հրապարակը պետք է լեցուն լինի, որովհետեւ այդ օրը որոշելու ենք ապրիլի 9-ի բոլոր մանրամասները՝ որտեղ ենք հավաքվելու, ինչ ենք անելու: Ձեզ հետ միասին պատրաստ եմ մեռնել, բայց նախընտրաբար՝ անպայման ապրել Հայաստանի համար», — եզրափակեց Րաֆֆի Հովհաննիսյանը:
‘