‘
Մենք խոնարհվում ենք մարտի 1-ի զոհերի հիշատակի առաջ և երդում ենք տալիս, որ այլևս երբեք հայրենի հողի վրա հայ մարդու արյունը չի հոսելու: Այսօր Ազատության հրապարակում հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: Նա հայտնեց, որ ասուլիսից հետո լուռ երթով գնալու է Մյասնիկյանի արձանի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելու Մարտի 1-ի զոհերի հիշատակին:
Պատասխանելով հարցին, թե արդյոք նա ծանոթ է հարթակից ելույթ ունեցողների տեսքտերին, Հովհաննիսյանը պատասխանել է, թե ինքը գրաքննությանը դեմ է, և տեքստերին նախապես չի ծանոթանում: Նա նշել է, որ համամիտ չէ երգիչ Ռուբեն Հախվերդյանի երեկ արած աղմկահարույց հայտարարությանը, թե Լեռնային Ղարաբաղը «Ադրբեջանի գավառ է»:
Լրագրողները հետաքրքրվել են նաև, թե արդյոք Հովհաննիսյանը պատրաստվում է դիմել Սահմանադրական դատարան՝ փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքները վիճարկելու պահանջով, սակայն ինչպես երեկվա հանրահավաքում, այնպես էլ այսօր Րաֆֆի Հովհաննիսյանը հստակ չի պատասխանել:
«ՍԴ չդիմելու կամ դիմելու որոշումը մենք խորհրդի կարգով, ոչ թե քվեարկությամբ վաղը կքննարկենք հայ ժողովրդի, հաղթած ժողովրդի հետ և ես որպես ժողովրդի վստահություն վայելող համաքաղաքացի մարտի 3-ին վերջնական որոշումը կկայացնեմ»,- նշեց նա:
Հովհաննիսյանը ևս մեկ անգամ ընդգծել է, որ ինքը «պատրաստ է ողջունել համագործակցությունը», որ պարոն Սարգսյանին ներկայացրել է իր մոտեցումներ, որոնք մերժվել են, և եթե Սերժ Սարգսյանը «համազգային այս տագնապը հաղթահարելու առաջարկ ունի ինձ ես պատրաստ եմ լսել»:
Նա տեղեկացրել է, որ նվազագույնը 120 ընտրատեղամաս են դիմել արդյունքների վերանայման ու ձայների վերահաշվարկի պահանջով, սակայն միայն 4-ից են դրական պատասխան ստացել, և, ըստ էության, խախտումները չեն բացահայտվել:
‘