‘
Ոչ մեկը մեզ չի վռնդելու մեր քաղաքից, նա, ով սպառնա, ինքը պիտի վռնդվի դեպի արժանի վայր: Արարատում հանրահավաքի ժամանակ ասաց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը՝ անդրադառնալով Արարատի քաղաքապետի այն հայտարարությանը, թե ինքը վռնդելու է Հովհաննիսյանին Արարատից: Այնուհետև նա քննադատել է Հանրապետական կուսակցությանը:
«Այն կուսակցությունը, որ Նժդեհ է մեջբերել, որ խոսել է Նժդեհի անունից, ով դատապարտում էր դավաճանությունը, սուտը, կեղծիքը որպես հակահայկական արժեքներ, հենց իրենք են, որ թշնամի են Նժդեհին՝ Նժդեհի խոսքը ասելով ու կենացը խմելով: Իրենց պահն անցել է, փետրվարի 18-ին հայ ժողովուրդը որոշել է, որ ինքն է գալիս իշխանության և իրենց հերթն է լինել փոքրամասնություն և պատասխան տալ սահմանադրության համապատասխան»,- նշել է Հովհաննիսյանը:
Նրա խոսքով՝ Արարատում են գրանցվել «տմարդի, բռնարար, հակասահմանադրական, հակազգային ընտրախախտումները»: Նա իշխանություններին կոչ է արել «դուրս գալ կուսակցականացված, կեղտախոս, ժողովրդին վերևից խոսելու սովորությունից»:
«Սպասում ենք պարոն Սարգսյանին մինչև ապրիլի 9-ը, թույլ չտաք կեղծ երդում, սա մեր ժողովրդի, հայրենիքի փորձությունն է, այսպես թե այնպես մենք ունենալու ենք նոր Հայաստանի հռչակումը»,- ասել է Հովհաննիսյանը:
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն էլ տեղեկացրել է, որ հանդիպումների նպատակը ապրիլի 9-ին կայանալիք միջոցառումների մասին մարդկանց իրազեկելն է ու կոչ է արել մեկ մարդու պես ապրիլի 9-ին հավաքվել Ազատության հրապարակում:
Այժմ Րաֆֆի Հովհաննիսյանն ուղևորվում է Գոգավան, այնուհետև՝ մարզկենտրոն Արտաշատ:
‘