‘Րաֆֆի-Սերժ հանդիպման մանրամասները՝ ըստ Սերժ Սարգսյանի’

1042

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը ներկայացրել է նախագահական ընտրություններից հետո իր եւ Րաֆֆի Հովհաննիսյանի հանդիպման մանրամասները, հայտնում է Aravot.am-ը: Սարգսյանի ներկայացմամբ, Րաֆֆի Հովհաննիսյանն առաջարկել է անցկացնել նախագահական նոր ընտրություններ, ինչին Սերժ Սարգսյանը պատասխանել է, որ դրա համար որեւէ հիմք չկա: Նաեւ ասել է, որ եթե նման ընտրություններ ինչ-որ հրաշքով տեղի ունենան, արդյոք Րաֆֆի Հովհաննիսյանը վստա՞հ է, որ կզբաղեցնի 4-րդից բարձր տեղ, քանի որ նոր ընտրությունները նշանակում է՝ նոր թեկնածուների առաջադրում:

 Դրանից հետո, ըստ Սերժ Սարգսյանի, Րաֆֆի Հովհաննիսյանը կարծիք է հայտնել, որ այդ ընտրություններին պետք է մասնակցեն միայն ինքը եւ Սարգսյանը: Դրա համար վերջինս նույնպես հիմք չի գտել, բայց դարձյալ ենթադրություն է արել: «Ենթադրենք, այդպիսի ընտրություններ տեղի են ունենում եւ հաղթում է Րաֆֆի Հովհաննիսյանը, իսկ ինքը՝ Սերժ Սարգսյանը պաշտոնապես ստանում է քվեների 45 տոկոսը: Այդ դեպքում ինքը (Սարգսյանը-խմբ) կարո՞ղ է 20 հազարանոց հանրահավաք կազմակերպել Հանրապետության հրապարակում եւ հայտարարել, որ ընտրությունները կեղծված են: Այդ դեպքում նոր ընտրություննե՞ր պետք է կազմակերպվեն: Եվ որքա՞ն պետք է շարունակվի այդ շղթան», — ասել է Սերժ Սարգսյանը:

Նրա խոսքով, Րաֆֆի Հովհաննիսյանն առաջարկել է նոր խորհդարանական ընտրություններ, ինչին Սարգսյանը պատասխանել է, որ Սահմանադրությունը դրա համար նախատեսում է հատուկ պայմաններ, որոնք այս իրավիճակում բացակայում են: Սերժ Սարգսյանը նշել է, որ չի կարող դիմել ապօրինությունների, նաեւ չի էլ կարող ստիպել բոլոր պատգամավորներին՝ վայր դնել իրենց մանդատները, ինչին, ըստ գործող նախագահի, Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանել է, որ «ոչ մի պատգամավոր չի կարողանա դեմ գնալ գործող նախագահի կամքին»: Այդ երեք մերժումները ստանալուց հետո Րաֆֆի Հովհաննիսյանն ասել է, որ պետք է այնուամենայնիվ ինչ-որ համապետական միջոցառում, որը կհարթեցնի խնդիրը: Այդպիսի միջոցառումը, Սերժ Սարգսյանի կարծիքով, կարող է լինել նոր Սահմանադրության հանրաքվեն, որի նախագիծը կկազմի Րաֆֆի Հովհաննիսյանի ղեկավարած հանձնաժողովը: Սարգսյանն ասել է, որ վերջին առաջարկի վերաբերյալ ինքը գրավոր առաջարկ է ներկայացրել Րաֆֆի Հովհաննիսյանին, եւ որպես պատասխան ստացել է իր ուղարկած թուղթը՝ վրան խաչ քաշած: 

ԻՆչպես արդեն տեղեկացրել ենք, Սարգսյանը հայտարարել է նաեւ, որ չի այցելի Ազատության հրապարակում հացադուլ հայտարարած Րաֆֆի Հովհաննիսյանին:

Նախորդ հոդվածը‘Փարիզում մեկնարկել է Կոկո Շանելին նվիրված ցուցահանդեսը’
Հաջորդ հոդվածը‘Հրանտ Տեր-Աբրահամյան. Կարծես նույնիսկ նորահայատ «խրոնիկ» «ընդդիմադիրներին» է պարզ, որ «ապրիլի 9-ը» անցնելու է գնա’