‘Րաֆֆի, տեր ե՞ս — 2’

2174

Թվում էր, թե այսօրվա ասուլիսում Րաֆֆի Հովհաննիսյանը վերջապես կհայտարարի, որ պատրաստվում է քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով դիմել Սահմանադրական դատարան (ՍԴ): Սակայն պարոն Հովհաննիսյանը նշեց, թե ոմանք, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանը, գտնում են, որ ՍԴ դիմելն անիմաստ է, սակայն քանի որ մինչև մարտի 2-ը մտածելու ժամանակ կա, չի բացառվում, որ այնուամենայնիվ դիմեն:

Միաժամանակ, այսօր մեկնարկել է լայնամասշտաբ ուսանողական դասադուլ՝ քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով:

Րաֆֆի Հովհաննիսյանը շարունակ ընդգծում է, որ սա իր շարժումը չէ և որ ինքը «կոլեկտիվ պատասխանատվության» կողմնակից է (թերևս այդ նկատառումով է նաև ՍԴ՝ հավանական չդիմելը բացատրում «ոմանց» կարծիքով ու տալիս կոնկրետ անուն): Սակայն փաստ է, որ նա է եղել թեկնածուն, և ուսանողական, քաղաքացիական այս կամ այն նախաձեռնությունների ընթացքն ու հաջողությունն ի վերջո մեծապես կախված են հենց անձամբ Րաֆֆի Հովհաննիսյանի քայլերից:

Քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու մեկ տարբերակ կա. թեկնածուն ինքը պետք է դիմի Սահմանադրական դատարան՝ նման պահանջով: Եթե Րաֆֆի Հովհաննիսյանը չդիմի ՍԴ՝ ուսանողական դասադուլի կամ քաղաքացիական որևէ նախաձեռնության՝ քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջն իրականացնելու իրավական ճանապարհն ուղղակի կոչնչացնի: Քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու այլ տարբերակ պարզապես գոյություն չունի:

Կար նման մի տարբերակ ևս (վերահաշվարկի կամ անվավեր ճանաչելու պահանջով համապատասխան տեղամասերում դիմումների ներկայացում), որի ժամկետը սպառվել է փետրվարի 19-ին և որը փաստացի չի օգտագործվել (ներկայացվել է վերահաշվարկի ընդամենը 10 և անվավեր ճանաչելու՝ 42 դիմում: Հայաստանում կա 1988 ընտրատեղամաս):

Եթե Րաֆֆի Հովհաննիսյանն այդպես էլ չդիմի ՍԴ (ինչը, որքան էլ զարմանալի է, կարծեք թե չի բացառվում), ապա ոչ միայն փաստացի փակուղում կհայտնվեն ու կխեղդվեն քվեարկության արդյունքն անվավեր ճանաչելու պահանջով արվող դասադուլներն ու տարբեր ակցիաները, այլև՝ առայժմ գերիշխող էյֆորիայի, կրքերի մարումից հետո պատմությունը կֆիքսի փաստը. 2013-ին ՀՀ-ում կայացած նախագահի ընտրությունն առաջինն էր նորանկախ Հայաստանի պատմության մեջ, որի պաշտոնական ելքն այդպես էլ իրավաբանորեն չի վիճարկվել: 

Այլ կերպ ասած՝ եթե Րաֆֆի Հովհաննիսյանը որոշի չդիմել ՍԴ, ապա առհասարակ «խոսելու թեմա չկա»:

Դրանից հետո նոր ընտրության հասնելու իրավական մեխանիզմների բնույթը փոխվում է. կա՛մ պետք է Սերժ Սարգսյանը հրաժարական տա, կա՛մ ԱԺ-ն նրան իմպիչմենտի ենթարկի: Իսկ սա արդեն այլ թեմա է:

Հ.Գ. Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց, թե Սերժ Սարգսյանն իրեն «առաջարկել է» գլխավորել ընդդիմությունը մինչև 2017-18թթ. համապետական ընտրություններ: Անհասականալի էր, թե ինչպե՞ս կարող է որևէ մեկը որևէ մեկին «առաջարկել» գլխավորել ընդդիմությունը: Ընդդիմություն գլխավորելը Սերժ Սարգսյանի առաջարկով չէ, որ պիտի լիներ. ժողովուրդը քվեարկել է, մնում է, որ պարոն Հովհաննիսյանը վերցնի այդ պատասխանատվությունը՝ անկախ նրանից, թե Սերժն իրեն ընդդիմությունը գլխավորելու պատիվ անում է՞, թե՝ ոչ:

Ռաֆայել Թեյմուրազյան

Նախորդ հոդվածը‘Րաֆֆի Հովհաննիսյանը՝ Մոսկվային, Բրյուսելին եւ Վաշինգթոնին. «Մեզ հեգնելու համար զղջալու եք»’
Հաջորդ հոդվածը‘«Ռեալը» Չիչարիտոյի համար պատրաստ է 20 միլիոն եվրո վճարել’