‘
Այսօր Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ Րաֆֆի Հովհաննիսյանի տիկինը՝ Արմենուհի Հովհաննիսյանը ընդհատեց ամուսնու ելույթը՝ հասկացնելով, որ ինքն էլ է ցանկանում ելույթ ունենալ: Այդ կապակցությամբ Րաֆֆի Հովհաննիսյանը ասաց բառացիորեն հետեւյալը. «Արմենուհին ուզում է խոսել, ինձ հիշեցնում է, ինքը ժամանակին ինձ հրահանգում էր, էս մեր հաղթանակի պատճառով հիմա մի քիչ համեստ է խոսում, խնդրում է, ուստի շնորհակալություն, որ բերել եք էս պահը մեր ընտանիքին»:
Իր ելույթում Արմենուհի Հովհաննիսյանը հիշեց ապրիլի 9-ի հանրահավաքը, երբ ինքը Բաղրամյան պողոտայի վրա կորցրել էր իր ամենասիրած կոշիկները:
«Ես այդ օրը հագել էի իմ ամենասիրած կոշիկները, ես կորցրեցի այն, երբ տապալվել էի գետնին, եւ բոբիկ քայլեցի դեպի Ծիծեռնակաբերդ »- հիշել է Արմենուհի Հովհաննիսյանը՝ շնորհակալություն հայտնելով իրեն ընձեռնված այդ հնարավորության համար:
Նա նաեւ պատմել է, թե ինչպես են իրեն ճզմել երկու ոստիկաններ, ինչից հետո Րաֆֆի Հովհաննիսյանը միջամտել է եւ հայտարարել, թե պահանջում է նաեւ այդ ոստիկանների եւ նրանց հրամանատարների հրաժարականը: Ի դեպ, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրաժարականը Հովհաննիսյանը չի պահանջել:
‘