‘
Քիչ առաջ խորհրդարանում ավարտվել է ԲՀԿ–ի, ՀԱԿ–ի և «Ժառանգության» աշխատանքային հանդիպումը։ Անդրադարձ է կատարվել ԱԺ առաջիկա քառօրյային այդ երեք խմբակցությունների միասնական մարտավարությանը։ Այս մասին հաղորդում է 7or.am-ը:
– Մի քանի նախաձեռնությունների հետ կապված՝ տեխնիկական հարցեր ենք քննարկել, որոնց բովանդակությունը թույլ տվեք չբացել։ Քննարկել ենք նաև հոկտեմբերի 24–ի հանրահավաքի հետ կապված տեխնիկական հարցեր։ «Եռյակն» առաջ է գնալու սառը, կշռադատված, սթափ քայլերով, որևէ պրովոկացիայի և սադրանքի չի ենթարկվելու։ Մենք ունենք մեր հստակ ծրագիրը, մենք հստակ գիտենք ժողովրդից եկած «մեսիջները» և այդ ծրագրով շարժվելու ենք առաջ։ Հաջորդ հանրահավաքում, կարծում եմ, առանցքայինը լինելու է Գագիկ Ծառուկյանի ծրագրային ելույթը, և շատ հարցերի պատասխաններ դուք կստանաք,–հանդիպումից հետո լրագրողներին ասել է ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը՝ հավելելով, որ բոյկոտը քաղաքական պայքարի գործիքներից մեկն է, և ցանկացած պահի «եռյակը» կարող է ընտրել նաև այդ տարբերակը, բայց այս պահին քառօրյան բավականին արդյունավետ կօգտագործեն։
‘