‘Ցավակցական՝ Վահագն Հակոբյանի մահվան կապակցությամբ’

1449

Խոր վշտով տեղեկացնում ենք, որ հետ հիվանդության` Գերմանիայում, Օլդընպուրկ քաղաքում, իր մահկանացուն կնքեց Գերմանիայի հայ համայնքին և եվրոպահայությանը քաջածանոթ, հայ ազգային, հասարակական կյանքում կարեւոր ներդրում ունեցած, իրանահայ քաղաքական գործիչ՝ Վահագն Հակոբյանը: Եվրոպայի Հայկական Համագումարը սգում է իր երեց անդամի մահվան տխուր առիթով և այդ կապակցությամբ ի խորոց սրտի ցավակցում հանգուցյալի ընտանիքին, հարազատներին և ընկերներին:

Եվրոպայի Հայերի Համագումար Ուփսալա, Շվեդիա Ստոքհոլմ , 23 հուլիսի 2014 թ.

Կենսագրական ակնարկ

Երջանկահիշատակ Վահագն Մահտեսի Հակոբյանցը ծնվել է 1942 թ. սեպտեմբերի 28-ին, Իրանի երբեմնի հայաշատ Թավրիզ քաղաքում: Սկզբնական կրթությունը ստացել է ծննդավայրում: 1961թ. մեկնել է Ավստրիա բարձրագույն կրթություն ստանալու: Գրացի համալսարանը ավարտելուց հետո 1967 թ. մեկնում է իր պաշտած հայրենիք: Հայրենի մայր ԲՈւՀ-ում՝ Երևանի պետական համալսարանում, շարունակում է իր ուսումնառությունը: Օժտված լինելով առաջնորդի մեծ շնորհով կազմակերպում է սփյուռքահայ ուսանողների խորհուրդ և ընտրվում խորհուրդի առաջին նախագահ: Այդ խորհուրդը նոր շունչ ու ոգևորություն տվեց հայաստանյան ուսանողներին՝ առհասարակ և սփյուռքահայ ուսանողներին մասնավորապես: 1972 թ. մայր ԲՈւՀ-ը ավարտելով, նա միջազգայնագետ դոկ. պրոֆեսոր Ջոն Կիրակոսյանի ասպիրանտն էր: Հակոբյանցը մեծ հաջողությամբ սկսում է իր աշխատանքային գործունությունը Արևմտյան Բեռլինի FU համալսարանի (Ազատ համալսարան) միջազգային հարաբերություևների ֆակուլտետում որպես գիտաշխատող: Իրանի հեղափոխության առաջին իսկ օրերին, ամենադժվար պայմաններում, իր առաքելությունը համարելով, վերադարձավ Իրան և իր նվիրական ընկերների հետ Թեհրանում հիմնադրեց «Փյունիք» շաբաթաթերթը: «Փյունիքը» նոր շունչ հաղորդեց իրանահայ համայնքին` համախմբելով հայ առաջադեմ երիտասարդությանն իր շուրջը և ուղղորդեց նրանց հայրենիք: Վահագն Հակոբյանցի և նրա ընկերների անմիջական նախաձեռնությամբ կազմակերպվեց հայ ուսուցիչների վերապատրաստման առաջին համահավաքը Հայաստանում: Մեր ժողովրդին բաժին հասած աղետաբեր 1988թ. երկրաշարժի առաջին իսկ օրերից կոնկրետ օգնություն կազմակերպողներից և օգնությունը անձամբ տեղ հասցնողներից էր: Երբ սկսվեց Արցախյան ազատագրական շարժումը, Վահագնը առաջիններից էր, որ հավատաց մեր ժողովրդի ուժին և սատարեց շարժմանը: Գերմանախոս երկրների հայերը վկա են նրա կրքոտ ելույթներին հավաքների ժամանակ: Արցախյան պարտադրված պատերազմի ժամանակ նա կոնկրետ օգնություն ցուցաբերեց սկզբում ազատամարտիկներին, այնուհետև արցախյան բանակին: Հետևողական էր իր գործունեությամբ: Ազատագրված Բերձորում [Լաչին] ստեղծեց ավանդական գորգագործությունը շարունակող դպրոց և դրա համար ներդրեց մեծ միջոցներ: Բերձոր քաղաքի առաջին դպրոցի առաջին շրջանավարտները դեռ երկար կհիշեն նրա հայրենասիրական անկեղծ խոսքը և նվիրատվությունը: 90-ականներից ակտիվ մասնակցություն ուներ «Գերմանահայոց կենտրոնական խորհուրդի» բուռն քննարկումներին և գործունեությանը: Նրա մտահղացումն էր որպեսզի Եվրախորհրդում ազգային փոքրամասնությունների պաշտպանությանը վերաբերվող քննարկումներին եվրոպահայությանը ընձեռնվի ձայնի իրավունք: Նրա հետևողական քայլերը տվեցին դրական արդյունք և նա երկար ժամանակ անձամբ մասնակցում էր այդ քննարկումներին: Վահագնը ընտանիքին նվիրված հայր էր և հոգատար ծնող: Վահագնը իր գործունեությամբ ապացուցում էր, որ միայն խոսքը բավական չէ, և խոսքին պետք է հետևի կոնկրետ գործը, որպեսզի մարդիկ հավատան քեզ: Վահագնի խոսքը կրքոտ էր, ոգևորիչ և ուղղորդող, քանզի անկեղծ էր և շիտակ: Նրա գործը համակ նվիրում էր, անսահման սեր շրջապատի և ընկերների հանդեպ…. Նա մարդկության և մարդասիրության դպրոցի արժանի զավակն է… Հիշատակը` վառ և հավերժ: 

Նախորդ հոդվածը‘Խմբագրական. Նախագահացուների վախճանը’
Հաջորդ հոդվածը‘Ռուսաստանի դեսպանատունը պատասխանել է ԱՄՆ դեսպանատանը ‘