‘
Ռումինիայի դատախազությունը վերսկսել է քրեական գործի քննությունն ընդդեմ աշխատանքային ճամբարի նախկին փոխտնօրենի, որտեղ պահվել են կոմունիստների հակառակորդները: Ինչպես հաղորդել է Associated Press-ը, 85-ամյա Իոն Ֆիչորին ցեղասպանության մեղադրանք է ներկայացվել: Ռումինական իրավապահ մարմինների տվյալներով՝ Ֆիչորը մեղավոր է 103 քաղբանտարկյալների մահվան մեջ: Ըստ հետաքննության տվյալների՝ բանտի ղեկավարությունը ծեծի է ենթարկել նրանց, սովահարության մատնել, զրկել խմելու ջրից և բժշկական օգնությունից: Ճամբարի նախկին փոխտնօրենը հրաժարվել է ցուցմունք տալ, միայն հայտարարել է, որ իր ղեկավարելու ժամանակամիջոցում բանտում ընդամենը մի քանի հոգի է մահացել:
Ֆիչորը Ռիմնիկու-Սերատ աշխատանքային ճամբարի փոխտնօրենն ու միաժամանակ՝ տնօրենի պարտականությունները կատարողն է եղել 1958-1963 թթ.: Ավելի վաղ՝ այս տարվա սեպտեմբերին, այս նույն գործի շրջանակներում ցեղասպանության մեջ մեղադրվել էր այդ աշխատանքային ճամբարի պետը՝ 88-ամյա Ալեքսանդր Վիշինեսկուն: Նա նույնպես չի ընդունել մեղքը՝ հայտարարելով, որ ընդամենը հրաման է կատարել:
Սա առաջին դատական գործն է ռումինական կոմունիստների դեմ՝ 1989 թ. երկրի նախկին նախագահ Նիկոլաե Չաուշեսկուի մահապատժից ի վեր:
Ռիմնիկու-Սերատ քաղաքի բանտը գործել է 1947-1963 թթ.: Այնտեղ պահվում էին բարձրաստիճան կալանավորներ, ովքեր Ռումինիայում մեծ ազդեցություն ունեին մինչև կոմունիստների՝ իշխանության գալը: Նաև այդ բանտում էին հայտնվում ռումինացի այլախոհները, փոխանցում է lenta.ru-ն:
‘