‘Ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումներ Փարիզում’

1897

‘

Ապրիլի 19-ին Հայկական տանը անցկացվեց ցեղասպանության հարյուրամյա տարելիցի հիշատակին նվիրված միջոցառում՝ բաղկացած մի քանի մասից: Միջոցառման առաջին մասում տեղի ունեցավ հանդիպում արվեստաբան Աննա Լեյլոյանի հետ, ով հանդես եկավ 1915-18 թվականներին հայ նկարիչների կյանքին ու գործունեությանը նվիրված բանախոսությամբ: Մեր հարցին, թե ինչու բանախոսության թեմա ընտրվեց մեր ժողովրդի ճակատագիրը կիսած արվեստագետների ստեղծագործությունը, նա պատասխանեց, որ մասնագիտությամբ արվեստաբան լինելով՝ որոշեց Ցեղասպանության պատմությունը պատմել արվեստի միջոցով: 1915-20-ական թվականների մեր ժողովրդի պատմության դաժան տարիների մասին հայ նկարիչների ստեղծագործությունների միջոցով խոսելը չափացանց պատկերավոր և տպավորիչ էր, այդ իսկ պատճառով բանախոսությանը հաջորդեց հետաքրքիր քննարկում:

Աննա Լեյլոյանը, նաև դասախոս լինելով, նշեց, որ այս շրջանի հայ արվեստագետների կյանքն ու գործունեությունը շատ չեն ուսումնասիրված, և ցավոք սրտի՝ բազմաթիվ վավերագրական էջեր կան, որոնք «վերծանված չեն»: Արվեստաբանը հույս հայտնեց, որ ապագայում կլինեն ուսանողներ, ովքեր կհետաքրքրվեն Հայ արվեստի պատմության այս չափազանց հարուստ և կարևոր էջով:

Տիկին Լեյլոյանն իր բանախոսության ընթացքում ներկայացրեց Վարդգես Սուրենյանցի, Արշակ Ֆետվաճյանի, Փանոս Թերլեմեզյանի, Եղիշե Թադևոսյանի, Սարգիս Խաչատուրյանի, Հմայակ Արծաթպանյանի, Հմայակ Հակոբյանի և այլոց ստեղծագործությունները, որոնք ականատեսի վավերականությամբ ներկայացրել են Հայոց Մեծ Եղեռնը, գաղթն ու պանդխտությունը։

 «Այդ տարիներին Վաղարշապատում Սուրենյանցի արված մատիտանկարներն ու ջրաներկ պատկերներն իրենց զուտ գեղարվեստական արժեքի հետ մեկտեղ պատմա-վավերագրական, ինչպես նաև ազգագրական մեծ արժեք են ներկայացնում։ Նույնը կարելի է ասել նաև Արշակ Ֆեթվաճյանի և շատ ուրիշների մասին»,- մասնավորապես՝ նշեց տիկին Լեյլոյանը:

Փորձեցինք տեղեկանալ՝ արդյո՞ք նրա ընտանիքը սերում է Արևմտյան Հայաստանից:

Պարզվեց, որ նրա հայրական պապը Մուշից է եղել, իսկ տատը Ալաշկերտից։ 1915 թվականին  պապը` Արտաշես Լեյլոյանը, ապրել և աշխատել է Թիֆլիսում և, ըստ էության՝ փրկվել է, իսկ Մուշում ապրող իր հայրական ողջ ընտանիքը զոհ է գնացել ջարդերին։

Աննա Լեյլոյանը ծնվել է նկարչի ընտանիքում: Առաջին բացատրությունները Սուրենյանցի և մյուս հայ դասականների մասին իր հորից` Ազատ Լեյլոյանից է լսել, առաջին տպավորությունները նրա հետ է քննարկել։ Ազատ Լեյլոյանը, ստեղծագործական գործունեությանը զուգահեռ՝ երկար տարիներ ղեկավարել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի գեղարվեստի բաժինը: Աննա Լեյլոյանը հայ արվեստն ուսումնասիրելու ցանկությունը դեռևս վաղ տարիքից է ունեցել. արվեստը միշտ եղել է իր կյանքում՝ թե տանը, թե ուսման մեջ և թե հետագայում՝ աշխատանքում:

Միջոցառման երկրորդ մասում ցուցադրվեց ռեժիսոր Էրիկ Նազարյանի՝ 2010 թ. նկարահանված «Պոլիս» ֆիլմը:

Ֆիլմը ներկայացրեց գլխավոր հերոսի դերակատար, ֆրանսահայ դերասան Ժակի Ներսիսյանը: Կարճամետրաժ ֆիլմը հարուստ է հուզառատ երկխոսություններով և խորհրդանշական տեսարաններով: Գլխավոր հերոս Արմենակ Մուրադյանը, ով երաժիշտ է, տարիներ անց վերադառնում է Պոլիս՝ Ցեղասպանության զոհ դարձած պապի երաժշտական գործիքի հետքերով:

Ժակի Ներսիսյանը 1991 թ. նկարահանված հայտնի «Մայրիկ» ֆիլմում մարմնավորել է Աբգարի կերպարը: Մենք խնդրեցինք նրան պատմել, թե ինչպես է ստացել այդ դերը:

«Թյուր կարծիք էր, թե ֆիլմում դեր ունենալու հանգամանքը պայմանավորված էր ազգությամբ»,- ասաց նա:

Ֆիլմում նրան բոլորովին այլ դեր էր առաջարկվել: Մի քանի անգամ Ժակի Ներսիսյանը փորձում է հանդիպել և զրուցել Անրի Վեռնոյի հետ: Նրան հաջողվում է ընդամենը մի քանի խոսք փոխանակել: Ռեժիսորի «անտարբերությունից» վիրավորված երիտասարդ արտիստը հայթայթում է նրա հեռախոսահամարը, զանգահարում և ցասումով հայտնում.
«Ես ձեր ֆիլմում դերասան եմ, գուցե երրորդական դեր պիտի խաղայի, բայց դուք անցնում եք իմ կողքով՝ ինձ չնկատելով, դուք անցնում եք արտիստի կողքով, դուք ինձ նայում եք , բայց չեք տեսնում և ստիպում եք ինձ նույնը անել»:

Իհարկե, ինչպես նշեց Ժակի Ներսիսյանը, Անրի Վեռնոյի վերաբերմունքը պայմանավորված էր զբաղվածությամբ, և նա չէր կարող ֆիլմի բոլոր դերասաններին առանձին-առանձին ուշադրության արժանացնել: Այդուհանդերձ, ռեժիսորն արտիստին հանդիպում է, իսկ երկրորդ հանդիպումից տասնհինգ օր անց կանչում իր մոտ և ութ էջանոց մենախոսություն է հանձնարարում կատարել:

Ահա այսպես Ժակի Ներսիսյանը Անրի Վեռնոյի որոշմամբ ստանձնում է Աբգարի կերպարը, ով «Մայրիկ» ֆիլմում Ազատի ընտանիքին պատմում է անապատով անցած գաղթի ճանապարհի մասին և թե ինչպես է մեռած ձևանալով՝ կարողացել փրկվել ու ի վերջո հասնել Ֆրանսիա: Ի դեպ, այդ դերն ի սկզբանե պետք է կատարեր Շառլ Ազնավուրը, սակայն մեզ անհայտ պատճառով Ազնավուրը հրաժարվել է դերից:

Հայկական տանը Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցի հիշատակի միջոցառման ավարտին տեղի ունեցավ համերգ՝ Հայկական տան ուսանողների և երգիչ Մկրտիչ Մկրտչյանի մասնակցությամբ, ում կատարմամբ ներկաները վայելեցին Կոմիտասի ստեղծագործությունները:

Երեկոյան՝միջոցառման ավարտին, տեղի ունեցավ մոմերով երթ Հայկական տնից մինչև Փարիզի ուսանողական քաղաքի հիմնադիր Անդրե Օնորեի հուշարձան:

Երթի ավարտին Հայկական տան տնօրեն Ֆիլիպ Սուքիասյանը շնորհակալություն հայտնեց կազմակերպիչներին և մասնակիցներին և եզրափակեց երեկոն՝ շեշտելով, որ  «մարդն ազատագրվում է, երբ առերեսվում է ճշմարտությանը»:

Ծով Բանուչյան, Փարիզ

 

‘

Նախորդ հոդվածը‘Հանրապետության հրապարակին հարող մի քանի փողոցներ կփակվեն’
Հաջորդ հոդվածը‘ԻՊՍ. Բրուցելոզի տարածման պատճառը կարող է կենդանիների վակցինացումը լինել ‘