‘
Այս իշխանությունները մի «յուրահատուկ» բնավորություն ունեն: Ամեն անգամ անում են մի քայլ, մտածում ես՝ վե՛րջ, սրանից ավելի ցինիկ ու վատ քայլ անել հնարավոր չէ: Բայց չէ։ Հետո անում են ավելի ցինիկ մի բան, ու հանրությունն ապշում է` փաստորեն հնարավոր է: Հետո անում են է՛լ ավելի ցինիկ մի բան ու այսպես շարունակ:
Ու ինչ-որ մի պահից հանրության մոտ արդեն ծանր ու ցինիկ սպասում է սկսվում` իսկ ո՞րն է լինելու հաջորդ ավելի վատ քայլը:
Շատերը սա անվանում են «թքողական» քաղաքականություն: Այսինքն, երբ իշխանությունները բացահայտ ցույց են տալիս, որ թքած ունեն հանրության կարծիքի վրա եւ անում են՝ ինչ ցանկանում են: Իսկ եթե հանրությունը դժգոհ է, ապա թող գնա գրողի ծոցը կամ արտագաղթի: Հո չե՞ն թողնելու, որ կրիտիկական դժգոհ զանգված հավաքվի: Օֆշորի հերոսի ականջը կանչի:
Նման բան գրելու առիթներն, իհարկե, շատ են: Բայց վերջին օրերի ամենամեծ առիթն, անկասկած, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության նոր պետի նշանակումն էր: Այսինքն, մարդ, որը պետք է կրթության ոլորտի պատասխանատուն լինի Հայաստանի մայրաքաղաքում: Նախկինում բողոքում էինք, որ այդ պաշտոնում ՎՊ նախագահի կինն էր աշխատում: Իշխանական մարդ՝ այսինքն, իշխանությունների ասածն անողը: Դե, իրենից վերան ո՞ւմ կարող էին նշանակել: Պարզվում է` կարող էին: Ընդամենը մի երկու օր առաջ այդ պաշտոնում նշանակվեց Աննա Ստեփանյանը, որը Երևանի ավագանու ընտրությունների օրը կեղծ փաստաթղթով դիտորդ էր ներկայացել:
Կեղծ դիտորդն, իհարկե, կատարվածի մի քիչ ավելի քաղաքակիրթ որակումն է: Տվյալ դեպքում, ժողովրդական լեզվով ասած՝ մարդ, որն ընտրությունների օրինական ընթացքն էր խախտում, այսինքն՝ ընտրակեղծարար:
Իհարկե, ֆեյսբուքահայությունն այս առիթով մի լավ զարմացավ` ամա՜ն, էս ինչ են արել, էս նշանակմանը նայեք, վայ-վույ: Սակայն, մյուս կողմից, հարց է ծագում՝ իսկ ինչո՞ւ պիտի չնշանակեին:
Չէ՞ որ իշխանությունները չեն դադարում զարմացնել մեզ: Առավելեւս, ԱԺ ընտրություններից առաջ տեղի ունեցած հայտնի սկանդալից հետո, երբ փաստացի ապացուցվեց այն, ինչը գիտեինք բոլորս. իրավապաշտպան Դանիել Իոաննիսյանը ձայնագրություններ հրապարակեց՝ ապացուցելով, որ դպրոցների տնօրենների մեծ մասը, հերիք չէ՝ ՀՀԿ-ական է, ինչը գիտեինք, դեռ մի բան էլ՝ ընտրություններից առաջ ՀՀԿ-ի համար ձայներ հավաքելով է զբաղված:
Այն ժամանակ էլ հանրությունն իրավացիորեն վիրավորվեց, ըմբոստացավ, քննադատեց: Ու ինչ եղավ հետո: Այն, ինչ եղավ, շատ հուզիչ էր:
ՀՀԿ-ն ասաց` այո, կա նման բան, ու չկա օրենքի խախտում: Դե գնացեք, գլուխներդ պատերով տվեք, «վարդապետներ»: Ու սա քիչ էր, դեռ մի բան էլ սկսեցին այդ տնօրեններին արդարացնելու մի ծիծաղելի գործընթաց, ինչն ավարտվեց նրանով, որ վերջիններս դատի տվեցին իրավապաշտպանին` իրենց պատիվն արատավորելու համար: Այսինքն, իրենց արածները հեչ, Իոաննիսյանի ապացույցները՝ մեջ:
Դե, եթե այդ ձայնագրություններից հետո ՀՀԿ-ն կարող էր իրեն թույլ տալ ու այդպես ցինիկանալ, ապա հիմա ի՞նչ է եղել որ, ինչո՞ւ նույն բանը չանի: Ավելին, սա հենց այդ գործընթացի տրամաբանական շարունակությունն է:
Կուսակցականացումն ու կոնկրետ մեկ կուսակցության համար աշխատելը դարձել է կրթական համակարգի առաջնահերթություններից մեկը: Չէ, թերեւս՝ թիվ մեկ առաջնահերթությունը;
Իսկ կրթություն, գիտելիք, բան… Կրթությու՞նն է, որ մեզ պիտի զարդարի: ԱԺ պատգամավորների մեծ մասը՝ վկա:
Իշխան Պողոսյան
‘