‘
«Քլիվլենդյան մոլագարը» դատապարտվել է ցմահ ազատազրկման՝ առանց վաղաժամկետ ազատվելու իրավունքի: 53-ամյա ամերիկացի Արիել Կաստրոն մեղավոր է ճանաչվել այն բանի համար, որ ավելի քան տասը տարի առաջ առևանգել է երեք աղջիկների և նրանց փակել իր տանը: Դատապարտյալը համագործակցել է հետաքննության հետ և ընդունել է մեղքը, ինչի շնորհիվ խույս է տվել մահապատժից: Իր վերջին խոսքում նա ներողություն է խնդրել իր զոհերից. «Ես հրեշ չեմ, ես հիվանդ եմ: Վստահ եմ, որ պոռնոգրաֆիայի հանդեպ իմ կիրքն ինձ զրկել է ինքս ինձ վերահսկելու կարողությունից ևչեմ հասկացել, որ իմ արածը վատ բան է»: Դատավարությանը ներկա է եղել միայն մոլագարի զոհերից մեկը՝ Միշել Նայթը, որն առևանգվելու պահին եղել է 20 տարեկան: Մյուս երկուսը եղել են 14 և 16 տարեկան: Դատարանում նրանց ներկայացրել են ազգականները: Միշել Նայթը, դատարանի դահլիճում դիմելով հանցագործին, ասել է. «Այս պահից սկսած՝ ես քեզ թույլ չեմ տա սահմանափակել ինձ: Ես կշարունակեմ ապրել, իսկ դու կմահանաս ամե՛ն օր: Ես 11 տարի անցկացրել եմ դժոխքում: Հիմա դժոխքը քեզ համար է սկսվում»:
Բոլոր երեք զոհերին Կաստրոն պարբերաբար բռնաբարել է, սովի մատնել, ծեծել: Զոհերից մեկը ծեծի արդյունքում վիժել է, ինչը դատարանը գնահատել է որպես սպանություն: Փրկությունը վրա է հասել այս տարվա մայիսին. հարևանները 11 տարվա ընթացքում առաջին անգամ լսել են աղջիկների օգնության կանչերը և ոստիկանություն են զանգահարել, փոխանցում է euronews-ը:
‘