‘Ցմահ դատապարտյալների ճակատագրերն ավելին են, քան քաղաքական դիվիդենտներն ու խաղերը’

831

Վերջին շրջանում մամուլում պարբերաբար հրապարակվում են ցմահ ազատազրկվածների նամակները, որոնցով վերջիններս ուշադրություն են հրավիրում իրենց կեցության անմարդկային պայմաններին: Ցմահ դատապարտյալները նամակով դիմել էին նաև ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին:

Պաշտպանի հետ այդ եւ այլ հարցերի մասին զրուցել է  www.Jfhr.am-ի լրագրողը


-Ավելի
քան 70 դատապարտյալներ Ձեզ են դիմել` այլ երկրների ազատազրկման վայրեր տեղափոխվելու խնդրանքով և հետևյալ պատճառաբանությամբ. «ցմահ բանտարկություն կրող, իսկ փաստացի ցմահ ազատազրկման միջոցով մահապատժի դատապարտված»: Գուցե մի քիչ խիստ է ձևակերպված, բայց ընդհանուր առմամբ համաձա՞յն եք դատապարտյալների այս ձևակերպման հետ

-Քանի որ դրանք էմոցիոնալ ձևակերպումներ են և կարող են տրվել բացառապես մարդկանց կողմից, ովքեր հենց այդ իրավիճակում են, նույնիսկ տգեղ կլինի, որ մարդ, ով չի անցնում բոլոր այդ ցավերով և փորձություններով, փորձի համաձայնվել կամ չհամաձայնվել : Միայն  իրենք կարող են նկարագրել , թե ինչ են զգում, միայն  խեղդվողը կարող է պատմել, թե ինչ է զգում խեղդվելուց: Չխեղդվող մարդը չի կարող կողքից գնահատականներ տալ:

— Որո ՞նք են առաջնային այն հարցերը, որոնց Դուք անդրադառնալու եք Ձեր զեկույցում:

— Գիտեք, մենք ասում ենք` ուսումնասիրելու ենք, որպեսզի ասենք ինչ-որ բան, իսկ Դուք ուզում եք իմանալ արդեն վերջը: Եթե վերջն իմանայինք, էլ չէինք ուսումնասիրի, ուղղակի կպատասխանեինք հիմա: Երբ ունենանք արդյունքները, նոր կկարողանանք ասել, թե որ խնդրով ինչ պատասխան ենք ներկայացնելու: 

-Դուք  Ձեր հրապարակային ելույթներում հայտարարել եք դատապարտյալների` մասնավորապես ցմահ դատապարտյալների հետ կապված անմարդկային պայմանների ու խնդիրների մասին: Ի՞նչ փոփոխություններ կարող են լինել այս առումով`հաշվի առնելով, որ այս խնդիրների լուծման պահանջն են դնում նաև միջազգային համապատասխան կառույցները

-Փոփոխություններ կարող են լինել միայն, երբ այն մարմինները, որոնք պատասխանատու են այդ ամենի համար, սկսեն լսել այդ խնդիրները, սկսեն գիտակցել դրանց կարևորությունը: Իրենք տեղյակ են, բնական է, պատկերացնում են` ինչի մասին ենք մենք, կամ մեր միջազգային գործընկերները խոսում, բայց այդ պաշտոնատար անձինք, այդ պատասխանատուները, ցավոք, իրենց բազմազբաղ գործունեության մեջ դեռ այն խորը գիտակցումը չունեն , որ սա նույնքան կարևոր խնդիր է: 

Այս պաշտոնատար անձանց չենք կարողանում համոզել, որ սա շատ կարևոր խնդիր է, որովհետև հասարակության հետաքրքրվածությունն այս խնդիրներով այդքան շատ չէ: Ցավոք սրտի մեր շատ պաշտոնատար անձինք հետաքրքրվում են միայն այն կետերով, պրոբլեմներով, որոնք PR-ային կարևորություն ունեն: Ցմահ ազատազրկվածների խնդիրները PR-ային արժեք մեր հասարակությունում չունեն , իսկ մեր պաշտոնյաներն առանց PR-ային հաջողությունների շատ հաճախ չեն շարժվում իրենց տեղից: 

-Կարո՞ղ ենք ասել, որ ՔԿՀներում մահվան հիմնական պատճառները վերոնշյալ անմարդկային պայմաններն ու վերաբերմունքն է

-Մի մասը գալիս է խնդիրների վատ վարչարարությունից, մի մասը գալիս է երկրի աղքատությունից կամ երկրի տնտեսական խնդիրներից, իսկ մյուս մասն էլ գալիս է կոռուպցիոն որոշակի դրևորումներից: Ցմահ ազատազրկվածների դեպքում ավելի շատ վատ վարչարարությունն է և որոշակի ռեսուրսների պակասը: 

Իհարկե, հումանիզմը շատ բարձր քաղաքակրթություններին է հատուկ: Մեր երկրը, ժողովուրդն ունեն այդ քաղաքակրթությունը, բայց իր առանձին տարրերը հեռացել են մեր իսկ քաղաքակրթությունից: Մեր առանձին չինովնիկներ կորցրել են հումանիզմն ու այդ քաղաքակրթության էլեմենտները: 

-Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին մի օրինագիծ պիտի ուժի մեջ մտներ, սակայն մեկ տարով հետաձգվեց: Այն բավականաչափ նպաստավոր էր լինելու ցմահ ազատազրկվածների համար: Օրինագիծը, կարծես, կարգավորում էր պատժի կրման և ազատման ժամկետները: Ի՞նչ ճակատագիր կունենա օրենսդրական այս նախաձեռնությունը

-Դրանք արդեն քաղաքական գործընթացներ են: Մենք աշխատեցինք Ազգային Ժողովի առանձին պատգամավորների, հանձնաժողովների հետ, նախագիծը մշակեցինք, ներկայացրինք, իրենք իրենց խոստման տերը եղան, շրջանառության մեջ դրեցին օրինագիծը, բայց քաղաքականությունը հաղթեց բանականությանը տվյալ դեպքում: Այսինքն, ներքին քաղաքական ինտրիգների, խաղերի` թե ում կողմից էր հեղինակված, ում կողմից չէր, ամենամարդկային, ամենաողջամիտ լուծումը թվաց թե պետք է անպայման այդպիսի խաղերի զոհ դառնա: 

Ես ուղղակի կոչ եմ անում այսօրվա քաղաքական բոլոր ուժերին, անկախ իրենց ճղճիմ կամ ոչ ճղճիմ խաղերից, մի կողմ դնեն ամեն ինչ և հասկանան, որ այնտեղ մեկ կամ 100 մարդու ճակատագրեր են, և այդ ճակատագրերը հաստատ ավելին են, քան իրենց բոլոր քաղաքական դիվիդենտներն ու խաղերը: 

-Մի քանի տասնյակ իրավապաշտպան կազմակերպություններ դիմել են միջազգային կառույցների` Տիգրան Առաքելյանին ազատ արձակելու հարցով: Ինչպիսի՞ն է Ձեր դիրքորոշումն այս պահանջի վերաբերյալ

-Ցանկացած մարդ, ով գոնե թռուցիկ ծանոթ է Մարդու իրավունքների պաշտպանի մասին ՀՀ օրենքին, գիտի, որ այս հարցին պատասխանելն իմ կողմից կլիներ օրենքի կոպիտ խախտում: Այսինքն, Մարդու իրավունքների պաշտպանն իրավունք չունի ընթացիկ դատական գործով միջամտել: Շատ երկրներում իրավունք չունեն միջամտել նաև հասարակական կազմակերպությունները, քաղաքացիներն ու լրատվամիջոցները: Բայց մեր երկրի օրենքը բոլորին թույլ է տալիս ընթացիկ դատական գործով կարծիքներ հայտնել, միջամտել, խոսել, բացի Օմբուդսմենից: 

Ինչքան էլ կարող է Ձեզ տարօրինակ թվալ, ես այս հարցին ուղղակի օրենքով իրավունք չունեմ պատասխանել: Հակառակ դեպքում դա իմ կողմից կլինի ապօրինություն, իսկ եթե Օմբուդսմենն էլ սկսի ապօրինություններով զբաղվել, պատկերացնում եք` ինչ կլինի երկրի վիճակը: 

www.Jfhr.am

Տաթև Վարդապետյան

  

Նախորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 2-ին կպատասխանի ԵԽԽՎ պատգամավորների հարցերին’
Հաջորդ հոդվածը‘Սոչիում արտակարգ իրավիճակ է հայտարարվել. Լուսանկար’