‘Ցմահ դատապարտյալների ու նրանց հարազատների բաց նամակ. Մեր խնդիրները մնում են առանց լուծման’

1091

Ցմահ դատապարտյալներն ու նրանց հարազատները բաց նամակ են գրել: Նրանք մատնանշում են արդարադատության ոլորտի մի շարք բացթողումներ ու իրենց առաջարկություններն են ներկայացնում օրեսնդրին: Բաց նամակը ներկայացնում ենք ամբողջությամբ.

«Հարգելի ՀՀ քաղաքացիներ, պետական պաշտոնյաներ, ԱԺ պատգամավորներ, նոյեմբերի 20-ի խորհրդարանական լսումների մասնակիցներ, «Ցմահ դատապարտյալների հիմնախնդիրները» թեմայով միջազգային համաժողովի մասնակիցներ

Ուրախությամբ տեղեկացանք, որ ԱԺ-ում կազմակերպվելու են Քրեակատարողական հիմնարկներում և ոստիկանության՝ ձերբակալված անձանց պահելու վայրերում մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ խորհրդարանական լսումներ, իսկ մեկ օր անց՝ նոյեմբերի 21-ին, իր աշխատանքներն է սկսելու «Ցմահ դատապարտյալների հիմնախնդիրները» թեմայով միջազգային համաժողովը:

Մեր խնդիրների մասին միշտ ենք բարձրաձայնել նորանկախ Հայաստանի գոյության 21 տարիների ընթացքում: Այդ խնդիրները, հավատացեք, շատ են. երկրորդ նախագահի 2003 թ. օգոստոսի 1-ի «ներման» հրամանագրի իրավական հետևանքներ, պայմանական վաղաժամկետ ազատ արձակման ու պատժաչափերի վերանայման մեխանիզմների բացակայություն, ներման ինստիտուտի անգործություն, ինչպես նաև հասարակություն վերադառնալու մեխանիզմների անկատարություն:

Չենք ցանկանում կրկնել ու դարձյալ մատնանշել այդ բոլոր խնդիրների հետևանքները առանձին-առանձին՝ քաջ գիտակցելով, որ այդ բոլոր հարցերը քննարկման նյութ կդառնան թե՛ խորհրդարանական լսումների, թե՛ միջազգային համաժողովի ժամանակ:

Պարզապես չենք կարող չշեշտել, որ մեր խնդիրները, որոնք պարբերաբար բարձրացվում են նաև ԵԽ Խոշտանգումների ու անմարդկային վերաբերմունքի կանխարգելման կոմիտեի կողմից՝ ՀՀ-ում ցմահ դատապարտյալների պայմանները որակելով անմարդկայինին համարժեք, մնում են առանց լուծման:

Առանց լուծման, ավելին՝ առանց պատասխանի են մնացել մեր կողմից՝ 12.500 ստորագրություններով ՀՀ նախագահին ու Հանրային խորհրդին դեռևս 2009 թ. ուղղված դիմում-խնդրանքները: Այո՛, անցել է մոտ չորս տարի, բայց մենք այդպես էլ չենք ստացել որևէ պատասխան: Չբավարարված են մնում նաև մեր խնդրանքները՝ ուղղված արդարադատության նախարարությանը՝ տեսակցել ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ՝ խոսելով նրանց հետ մեր խնդիրների իրական պատկերի մասին:

Թույլ տվեք մեր առաջարկություններն ուղղել օրենսդրին.

1. 2011 թ. մայիսի 25-ին ուժի մեջ մտավ ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքը: Հիշյալ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին կետով ՀՀ քրեական օրենսգրքի 59-րդ հոդվածի մեջ կատարվեց փոփոխություն, ըստ որի՝ որոշակի ժամկետով ազատազրկման առավելագույն պատժաչափը սահմանվեց 20 տարի՝ նախկինում 15 տարվա փոխարեն: Տարիներ ի վեր իրենց պատիժը կրող ցմահ ազատազրկման դատապարտված անձինք, եթե դատապարտվեին Քրեական օրենսգրքի վերոնշյալ փոփոխություններից հետո, ապա նրանցից որոշների համար կարող էր ցմահ ազատազրկումը չսահմանվել որպես պատիժ: Այսինքն՝ ցմահ ազատազրկվածների դեպքում, օրենքի դրույթի այդ փոփոխությունը մեղմացնող է, և այն պետք է ունենա հետադարձ ուժ: Մինչդեռ 97 ցմահ դատապարտյալներ այս փոփոխությունների հիմքով 2011 թ. դիմեցին դատարան, սակայն հոդվածների համապատասխանեցումից հետո պատժաչափերը մնացին անփոփոխ: Ուստի խնդրում ենք օրենսդրին այս օրենքում դարձյալ փոփոխությամբ ամրագրել, որ այն մեղմացում է նախկինում ցմահ ազատազրկման դատապարտվածների տեսանկյունից, որ պետք է անդրադարձ կատարվի մեր պատժաչափերի վերանայմանը: 
2. Պատժի առավելագույն չափը բարձրացնել մինչև 21 տարեկան կամ տարիքային առանձնահատկությունները հաշվի առնել պատժից պայմանական վաղաժամկետ ազատ արձակման ու ռեժիմների փոփոխման համատեքստում, ինչպես արվում է արևմտյան Եվրոպայի մի շարք երկրներում: 104 ցմահականներից 15-ը 18-21 տարեկան երիտասարդներ, զինվորական ծառայության ընթացքում կատարած արարքների մեջ մեղադրվելով են դատապարտվել ցմահ ազատազրկման: Արդյո՞ք պետությունն այս պարագայում չունի պատասխանատվության իր առյուծի բաժինը: Ուստի առաջարկում ենք իջեցնել պայմանական վաղաժամկետ ազատ արձակման շեմը, փոխոխել ռեժիմները՝ ելնելով տարիքային առանձնահատություններից, դատվածությունների քանակից, արարքի ծանրության աստիճանից:

Ողջունում ենք խորհրդարանական լսումների և միջազգային համաժողովի բոլոր մասնակիցներին, օտարերկրյա հյուրերին ու ԶԼՄ-ների ներկայացուցիչներին: Եթե մեր հիշողությունը մեզ չի դավաճանում, սա առաջին անգամ է, որ ցմահ դատապարտման հետ կապված խնդիրները մեկտեղում են տարբեր երկրների փորձագետների: Հուսով ենք՝ միասին կգտնենք արդարացի լուծումներ, որոնք կբերեն վերականգնման ու վերադարձի ռեալ հնարավորություններ:

Մաղթում ենք արգասաբեր աշխատանք»:

 

Նախորդ հոդվածը‘Դմիտրի Մեդվեդեւ. Շունինի վրա ճայթռուկ նետած երկրպագուն պետք է բանտ նստի’
Հաջորդ հոդվածը‘Հայ առաքելական եկեղեցին վերածվում է սովորական մի ՍՊԸ-ի՞’