‘Ցուկերբերգը հերքել է Թրամփի մեղադրանքները՝ իր դեմ դավադրություն կազմակերպելու վերաբերյալ’

1691

Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը հերքել է նախագահ Դոնալդ Թրամփի մեղադրանքները՝ իր դեմ խոշորագույն սոցիալական ցանցի և թերթերի դավադրության և կանխակալության վերաբերյալ:

Թրամփը դրանից առաջ հանդես էր եկել հերթական Twitter-յան հայտարարությամբ, որում Facebook-ին և մի շարք թերթերի մեղադրել էր իր դեմ «գաղտնի դավադրության» մեջ:

«Facebook-ը միշտ էլ եղել է Թրամփի դեմ: Սոցցանցերը միշտ Թրամփի դեմ են եղել, այդտեղից էլ՝ կեղծ լուրերը: New York Times-ը և Washington Post-ը եղել են Թրամփի դեմ: Դավադրությո՞ւն է,- հարց է տվել Թրամփը և շարունակել:- Բայց մարդիկ Թրամփին կողմ էին: Ըստ էության՝ ոչ մի նախագահ չի հասել նրան, ինչին մենք հասել ենք առաջին ինն ամիսների ընթացքում, տնտեսությունը վերելք է ապրում»:

Թրամփի խոսքերը հակասում են ԱՄՆ ազատական շրջանակներում ընդունված այն տեսությանը, թե հենց սոցիալական ցանցերն են Թրամփին հնարավորություն տվել իր գաղափարները հասու դարձնել ընտրողների լայն շրջանականերին: Առանց սոցցանցերի՝ նա զրկված կլիներ այդ հնարավորությունից, համոզված են քննադատները:

Միլիարդատեր Ցուկերբերգը Facebook-ում Թրամփին պատասխանել է, թե սոցիալական ցանցը փորձում է հարթակ տրամադրել մարդկանց՝ բոլոր հնարավոր գաղափարներն արտահայտելու համար:

Փոխանցում է BBC-ն:

 

Նախորդ հոդվածը‘Վալվերդեն դեմ է եղել Պաուլինյոյի տրանսֆերին’
Հաջորդ հոդվածը‘Երեկ. 23 – 20 = բարգավաճներ, դաշնակցականներ եւ անկուսակցականներ’