‘
Մի շարք երկրներում ավանդական ուրբաթօրյա աղոթքից հետո ցույցեր են տեղի ունեցել Մուհամեդ մարգարեի ծաղրանկարները հրապարակելու դեմ:
Նիգերիայի Զինդեր քաղաքում ոստիկանության հետ ընդհարումների արդյունքում առնվազն չորս մարդ զոհվել է, այդ թվում՝ մի ոստիկան, կան տասնյակ վիրավորներ: Հարձակման են ենթարկվել ֆրանսիական մշակույթի կենտրոնը և եկեղեցիները:
Ալժիրի մայրաքաղաքում ևս ցույցերը վերածվել են ոստիկանության հետ բախումների: Մոտավորապես 3 հազար ցուցարարները վանկարկել են՝ «Մենք բոլորս Մուհամեդ ենք»: Ոմանք փառաբանել են Կուաշի եղբայրներին, կոչ արել երկրում իսլամական պետություն ստեղծել և արգելված «Փրկության իսլամական ճակատ» կուսակցության կոչերն են հնչեցրել:
Ստամբուլի պահպանողական Ֆաթիհ շրջանում իսլամական արմատական «Մարգարեի ուղեկիցների եղբայրական պլատֆորմ» ընկերության կողմնակիցները գովաբանել են ջիհադիստ Կուաշի եղբայրներին և Ուսամա բեն Լադենի պատկերով պաստառներ են պարզել:
Ամենամարդաշատ ցույցերը տեղի են ունեցել Պակիստանում: Կարաչիում առնվազն հինգ մարդ է տուժել բախումների ընթացքում, այդ թվում՝ տեղական հեռուստատեսության մի լրագրող. France-Presse-ի ֆոտոլրագրողը հրազենային վնասվածք է ստացել: Ոստիկանությունը հայտարարել է, որ կրակել են ցուցարարները:
Փոխանցում է euronews-ը:
‘