‘Ցուցարարները՝ փոխքաղաքապետին «Հարգանքի արժանի չեք, որովհետեւ ՀՀԿ-ական եք». տեսանյութ’

2306

Կոմիտասի 5 հասցեում ընթացող բազմահարկ շենքի շինարարության դեմ բողոքող քաղաքացիներին այսօր այցելել էր Երեւանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը:

Ցուցարարները նրան դիմավորեցին բողոքի վանկարկումներով ու սուլոցներով: Փոխքաղաքապետը փորձում էր նրանցից «ավելի հարգալից» վերաբերմունք պահանջել: «Ես էնքան բան եմ արել էս երկրի համար», — իր պահանջը փաստարկում էր Օհանյանը:

«Ես չգիտեմ, թե ինչ դրական բան եք արել դուք երկրի համար, բայց բացասականը՝ հաստատ ունեք արած ձեր Հանրապետական կուսակցության հետ միասին, որ էս երկիրը սարքել եք օլիգարխների երկիր», — նրան հակադարձեց ցուցարարներից Գեւորգ Սաֆարյանը:

Փոխքաղաքապետը կրկին հորդորում էր «հարգանքով խոսել» իր հետ, սակայն ցուցարարները հակադարձում էին, որ «քաղաքը բռնաբարած հանրապետականները» հարգանքի արժանի չեն: Դավիթ Օհանյանը փորձում էր համոզել ցուցարարներին, որ ինքը նրանց նման քաղաքացի է. «Ես ձեզ հետ խոսում եմ որպես ձեզ նման քաղաքացի»:

« Չեք կարող մեզ նման լինել, քանի հանրապետական եք: Հանե՛ք էդ կրծքանշանը (ՀՀԿ-ի), այլապես ձեզ չեմ կարող հարգել», — ակտիվիստների կոչին Երեւանի փոխքաղաքապետը պատասխանեց՝ «Է՞լ ինչս հանեմ»:

Նշենք, որ Դավիթ Օհանյանը երեւանի փոխքաղաքապետի պաշտոնից առաջ զբաղեցնում էր Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնը: Նա Սամվել «Լֆիկ» Ալեքսանյանի մտերիմներից է:

Հայտնի է նաեւ, որ փոխքաղաքապետի մեկնելուց հետո նրա վարորդը վերադարձել է Կոմիտասի 5 եւ մեկ այլ անձի հետ միասին դաժան ծեծի է ենթարկել ակտիվիստ Անուշավան Պետրոսյանին:

Մանրամասները՝ CivilNet-ի տեսանյութում:

Նախորդ հոդվածը‘Շավարշ Քոչարյան. Եթե Ադրբեջանին զենք վաճառելը բիզնես է, ապա Ասոցացման համաձայնագիրն էլ է բիզնես’
Հաջորդ հոդվածը‘Բրեյվիքի կողմնակիցները սպառնում են պայթեցնել Շվեդիայի թագավորին’