‘
Ստամբուլում հարյուրավոր ցուցարարներ փողոց են դուրս եկել իրենց վրդովմունքն արտահայտելու Թուրքիայի հարավում՝ Սիրիայի սահմանի մոտ գտնվող Գազիանթեփ քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության համար: Ակցիայի մասնակիցների մեծ մասը իշխանություններին մեղադրում է, որ նրանք չեն կարողանում ապահովել անվտանգությունը երկրում և պատասխանատու են տեղի ունեցած ողբերգության համար: Պայթյունը որոտացել է՝ չնայած նախօրեին Գազիանթեփի նահանգում հայտարարվել էր երկու շաբաթով անվտանգության գոտի ստեղծելու մասին:
Մահապարտի կողմից իրականացված պայթյունը որոտացել է շաբաթ երեկոյան, ընդդիմադիր քրդամետ Ժողովուրդների դեմոկրատիայի կուսակցության անդամների հարսանեկան արարողության ժամանակ: Ստամբուլում ցուցարարներն այն կարծիքի են, որ ահաբեկչությունը կազմակերպվել է՝ երկրի թուրքական և քրդական համայնքների միջև սեպ խրելու նպատակով::
«Նախնական տվյալներով՝ Գազիանթեփի հարձակման ետևում «Իսլամական պետություն» խմբավորումն է կանգնած»,- հայտարարել է նախագահ Էրդողանը: Վերջինս նաև տեղեկացրել է, որ հարձակումն իրականացրած մահապարտը մոտավորապես 14 տարեկան անչափահաս է եղել: Արդյո՞ք ինքն է իրեն պայթեցրել, թե՞ պայթուցիկը գործի է դրվել հեռակառավարող սարքի օգնությամբ՝ պարզ չէ:
Կիրակի Գազիանթափում տեղի է ունեցել ահաբեկչության զոհերի հուղարկավորությունը: Պայթյունի հետեւանքով զոհվել է առնվազն 51 մարդ, 69-ը վիրավորվել են, 17 վիրավորների վիճակը ծայրահեղ ծանր է:
Փոխանցում է euronews-ը:
‘