‘
Երեւանի գրեթե բոլոր տոնավաճառներից հազարավոր առեւտրականների բողոքի ցույցը Կառավարության դիմաց շարունակվում է: iLur.am-ի թղթակիցը տեղեկացնում է, որ ցուցարարների 10 հոգանոց պատվիրակությունը քիչ առաջ վերադարձավ Կառավարության շենքից, որտեղ հանդիպում էր տեղի ունեցել վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ: Աբրահամյանը ցուցարարներին առաջարկել է գրավոր ձեւով ներկայացնել իրենց պահանջները, քանի որ, ըստ նրա, պահանջների բավարարումը օրենսդրական փոփոխություններ է ենթադրում:
Ցուցարարները հրաժարվում են գրավոր առաջարկներ ներկայացնել: Այժմ նրանք պատրաստվում են փակել Հանրապետության հրապարակից դեպի Տիգրան Մեծի պողոտա տանող հատվածը:
Հիշեցնենք, որ ցուցարարները բողոքում են հոկտեմբերի 1-ից գործողության մեջ մտնող «Շրջանառության հարկի մասին» նոր օրենքի դեմ, որը պարտավորեցնում է պարբերաբար տեղեկություններ հայտնել վաճառված ապրանքների մասին:
Առեւտրականները նշում են, որ խոշոր բիզնեսի ներկայացուցիչները հաճախ ապրանքների վերաբերյալ փաստաթղթեր չեն տրամադրում փոքր ու միջին ձեռնարկություններին, ինչի պատճառով վերջիններս, իրենց հերթին, չեն կարողանում փաստաթղթեր ներկայացնել համապատասխան մարմիններ: Ըստ այս օրենքի` առաջին անգամ փաստաթուղթ չներկայացնելու դեպքում ձեռնարկությունը նախազգուշացում է ստանում, երկրորդ անգամ՝ տուգանվում 20 հազար դրամի չափով, երրորդ անգամ՝ շրջանառության հարկի 5 տոկոսի չափով:
‘