‘Ցուցարարները փակեցին Կոմիտասի պողոտան (թարմացված, տեսանյութ)’

2219

Քիչ առաջ Կոմիտաս 5 հասցեում ընթացող շինարարության դեմ բողոքող ցուցարարները մի քանի րոպեով շղթայեցին պողոտան եւ դադարեցրին երթեւեկությունը: 

Արդեն մի քանի օր է, որ վերսկսվել են շինարարության դեմ բողոքող բնակիչների եւ նրանց աջակցող քաղաքացիական ակտիվիստների ցույցերը: Այսօր մի քանի ակտիվիստներ առավոտյան ժամը 6-ից «գրավել էին» կառուցվելիք շենքի հիմնափոսը՝ թույլ չտալով շինարարությունը շարունակել:

Տեղում գտնվող ոստիկանության ջոկատները, փոխգնդապետ Կարեն Մովսիսյանի գլխավորությամբ, հորդորում էին քաղաքացիներին դուրս գալ շինհրապարակից՝ սպառնալով ֆիզիկական ուժ գործադրել: Ցուցարարները հավաստիացում էին պահանջում, որ իրենց դուրս գալուց հետո շինարարությունը չի վերսկսվի:

Մի քանի ժամ տեւած բանակցություններից հետո ոստիկանության ջոկատները ներխուժեցին տարածք եւ բռնի ուժով դուրս հանեցին այնտեղ գտնվող 5-6 ցուցարարներին: Տեսնելով այդ, շինհրապարակից դուրս գտնվող ցուցարարներն անմիջապես շղթայեցին Կոմիտասի պողոտայի երթեւեկելի մասը, եւ մի քանի րոպեով երթեւեկությունը կանգնեցվեց: Ոստիկանության միջամտությամբ երթեւեկությունը բացվեց:

Այժմ ցուցարարները գտնվում են տարածքում եւ հավաստիացնում են, որ ոչ մի դեպքում թույլ չեն տալու վերսկսել շինարարությունը: 


Բնակիչներն այգի են ուզում, շինարարը՝ 7-հարկանի շենք

Առավոտյան այստեղ է եկել Արաբկիրի վարչական շրջանի ղեկավար Հրայր Անտոնյանը եւ բնակիչներին հայտնել, որ կառուցապատող ընկերությունը վերանայել է նախագիծը եւ 16 հարկանի շենքի փոխարեն 7-հարկանի շենք է կառուցելու:

Բնակիչներին, սակայն, չի բավարարում թաղապետի բանավոր հավաստիացումը, նրանք գրավոր փաստաթուղթ են պահանջում: «Հենա, տեսանք, թե Ծածկած շուկան ինչ արեցին, երկու տարի խոստացան, որ հատակագիծը չեն փոխելու, բայց բարձրահարկ կառուցեցին», — iLur.am-ին ասաց բնակիչներից մեկը:

Որոշ բնակիչներ էլ ընդհանրապես դեմ են, որ տարածքում որեւէ շինություն կառուցվի: Նրանք պհանջոյմ են, որ տրամվայի նախկին ենթակայանի տարածքում այգի տնկվի:     

Նախորդ հոդվածը‘Կոմիտաս 5-ում կրքերը թեժանում են (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘2012-ին Հայաստանում ավտովթարների հետևանքով 311 մարդ է զոհվել’