‘Ցուցարարներին բերման են ենթարկել ՌԴ դեսպանատան մոտ հեծանիվ վարելու համար’

1169

Օգոստոսի 17-ին, գիշերը ժամը 22:55-ին. ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան մոտ աշխատողների և քաղաքացիների միջև վիճաբանություն է:

Ըստ ոստիկանության տարածած հաղորդագրության, դեպքի վայր մեկնած ոստիկանները պարզել են, որ «մի խումբ քաղաքացիներ փորձել են մուտք գործել ՌԴ դեսպանատան հատուկ պահպանվող տարածք, վիճաբանության մեջ մտել տարածքում պահպանության ծառայություն իրականացնող աշխատակիցների հետ` չենթարկվելով վերջիններիս օրինական պահանջներին»:

«Երևանի քաղաքապետարանի դիմացից, նշված արարքը կատարելու կասկածանքով, ոստիկանության Կենտրոնական բաժին բերման են ենթարկվել քաղաքապետարանի մոտ ընթացող ակցիայի ակտիվիստներ` Մելիք Դավեյանը, Կարեն Հարությունյանը և Գոռ Առաքելյանը», — ասվում է ոստիկանության հաղորդագրության մեջ: 

Բերման ենթարկվածները հրաժարվել են բացատրություն տալ:

«Վճարում ենք 100 դրամ» ֆեյսբուքյան խմբում ակտիվիստ Ռուզաննա Գրիգորյանը այս դեպքի կապակցությամբ գրում է. «Երեք քաղաքացիների՝ Գոռ Առաքելյանին, Կարեն Հարությունյանին և Մելիք Դավոյանին այսօր (օգոստոսի 17-ին) գիշերը ոստիկանությունը առանց որևէ հիմնավորման բերման է ենթարկել կենտրոնի բաժանմունք։ Երեք ժամ պահելուց տղաներին բաց են թողել։ Մենք դատապարտում ենք ոստիկանության նման անլուրջ և ոչ պրոֆեսիոնալ գործելաոճը․ ոստիկանության գործողությունները հիմնված չեն օրենքի վրա, կամայական են, անհիմն»։

Ըստ Գրիգորյանի, երիտասարդները միջադեպից առաջ հեծանիվներով շրջում էին ՌԴ դեսպանատան հարեւանությամբ, եւ ըստ ամենայնի, դեսպանատան աշխատակիցները թույլ չեն տվել այդ անել, ինչի պատճառով էլ ծագել է վիճաբանությունը:

 

Նախորդ հոդվածը‘ՀՔԱՎ. Վանաձորի ոստիկանության Բազումի բաժնում աշխատակիցներից գումարներ են պահանջում’
Հաջորդ հոդվածը‘Դաշնակցությունը Սյունիքում թեկնածու չի առաջադրում, որ ՀՀԿ-ն ընտրակաշառք չբաժանի’