‘Փախուստ Ավետյաց երկրից’

1645

Օրեր առաջ ԱՄՆ դեսպանությունը տվյալ էր հրապարակել այն մասին, թե ՀՀ քանի քաղաքացի է նախորդ տարի դիմել իրենց`«Գրին քարտի» խաղարկությանը մասնակցելու համար: Ավելի պարզ ասած՝ քանի մարդ է ցանկանում մշտապես լքել Հայաստանը և դառնալ ԱՄՆ քաղաքացի, և այդ ցանկությունը սոսկ ցանկություն չէ, այլ նաև կոնկրետ գործողություն. իր այդ ցանկության մասին մարդը պաշտոնապես հայտնել է ԱՄՆ կառավարությանը:

Հայաստանում ԱՄՆ դեսպանության հրապարակած տվյալների մեջ նշված էր նաև նախորդ տարիներին «Գրին քարտի» դիմած ՀՀ քաղաքացիների քանակը, ինչից ակնհայտ էր դառնում, որ 2009 թվականից սկսած՝ ամեն տարի դիմողների քանակն ավելացել է  առնվազն տասը հազարով: Այսպես, ԱՄՆ «Գրին քարտի» համար 2010թ. հայտ է լրացրել 62.051 ՀՀ քաղաքացի, 2011-ին` 72.876, 2012-ին` 92.352, 2013թ.` 97.679:

Այս հրապարակումն ամբողջությամբ արտահայտում է Հայաստանի իրական վիճակը, այն է` որքան իշխանությունները փորձում են ցրել երկրի «գաղջ» մթնոլորտը, այնքան ավելի շատ մարդ է ցանկանում արտագաղթել:

Ու եթե ԱՄՆ դեսպանատան կողմից հրապարակված թվերին գումարենք Ռուսաստան կամ այլ երկրներ արտագաղթել ցանկացողների թիվը, որը մի քանի անգամ գերազանցում է ԱՄՆ մեկնել ցանկացողների քանակը (կապված լեզվական ու արտոնագիր ստանալու դյուրինության հետ), ապա կպարզվի, որ ՀՀ ազգաբնակչության կեսը չի ցանկանում ապրել Հայաստանում:

Արտագաղթն այդքան վտանգավոր չէ, որքան այն մթնոլորտը, որը տիրում է երկրում. երբ երկրի քաղաքացիներից յուրաքանչյուր երկրորդն ամեն պահի պատրաստ է թողնել երկիրն ու մեկնել այլ վայրերում հայրենիք որոնելու: Ու նաև սարսափելի է, որ արտագաղթել ցանկացողների թիվը տարեցտարի տասնյակ հազարներով ավելանում է:

Հիմա պատկերացնենք, որ վերսկսվել է Արցախյան պատերազմը. ի՞նչ են այդ պայմաններում  անելու այն մարդիկ, ովքեր մի ոտքով Հայաստանում են, մյուսով` արտերկրում: Սա  միայն երկրի դատարկվելու վտանգի հետ կապված հարց չէ, սա այն տագնապի հարցն է, որը կախված է երկրի գլխին: Երբ բնակչության կեսը փախչում է երկրից, մյուս կեսի մոտ, ուզեն թե չուզեն, խուճապ է սկսվում, ու դժվար թե, առանձին վերցված անհատներից բացի՝ ժողովրդի մեծ մասը կարողանա դիմանալ այդ խուճապին:

Սակայն իրականությունն այսօր այն է, որ այդ խուճապն առանց պատերազմի էլ է կախված երկրի գլխին, ու քաղաքական ուժերի հիմնական խնդիրը պետք է լինի այն ցրելը: Առանց պատերազմի էլ երկրում այնպիսի վիճակ է, որ ազգաբնակչության կեսը պատրաստ է իր երկիրը փոխել այլ երկրով, ու դա ենթադրում է, որ տվյալ երկրներն այդ ամենը կօգտագործեն՝ Հայաստանում իրենց խնդիրները լուծելու համար. այսինքն՝ այդ մարդիկ, կամա թե ակամա, դառնում են տվյալ երկրների գործիքը Հայաստանի դեմ:

Խուճապի հաղթահարման միակ միջոցը կարող են դառնալ արդար ընտրությունները, երբ ՀՀ քաղաքացին համոզվի, որ իրենից է կախված երկրի ապագան, և իր ձայնն արժեք ունի երկրում: Այդ դեպքում նա կդադարի մտածել այն մասին, որ օտար պետության մեջ իր ձայնը ավելի լսելի է, քան սեփական երկրում: Եվ քանի որ ամենակարևոր ընտրությունը նախագահի ընտրությունն է, երկրում այս տագնապն ու խուճապը ցրելու համար անհրաժեշտ է Սերժ Սարգսյանի անհապաղ հրաժարականը,  որպեսզի ՀՀ քաղաքացիներն իրենց հույսը չկապեն օտար պետությունների հետ, այլ իրենց ընտրությամբ տեր կանգնեն սեփական երկրին:

Ժամանակ քիչ է մնացել, երկիրը լքել չցանկացողների թիվը`առավել քիչ: Երկրում արմատական փոփոխություններ չլինելու դեպքում «Ավետյաց երկիրը» կդառնա, լավագույն դեպքում՝ գերտերություններից մեկի գուբերնիան, որն արդեն այսօր հեռու չէ իրականությունից:

Սանասար Հավասարյան

Նախորդ հոդվածը‘ՀԱԿ խմբակցությունը ԼՂՀ անկախության ճանաչումը համարում է ժամանակավրեպ’
Հաջորդ հոդվածը‘Բաբկեն Պիպոյանը հրաժարվել է շարունակել աշխատանքը տրանսպորտի ուղեվարձը քննարկող հանձնաժողովում ‘