‘«Փակ շուկայի» հարակից շենքի բնակիչները Ս.Սարգսյանին. Ուզում ենք հավատալ, որ հավատալու և փոխելու կարգախոսը սոսկ լոզունգ չի’

845

Երևանի Պարոնյան 4ա շենքի  բնակիչները բաց նամակ են հղել Սերժ Սարգսյանին և Տիգրան Սարգսյանին որը ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

« Գրեթե երկու տարի է ինքնակամ` առանց համապատասխան իրավական և քաղաքաշինական փաստաթղթերի, շինություն է իրականացվում Երևանի Ծածկած Շուկայի տարածքում։   Ոչնչացվում է պետության կողմից պահպանվող մշակութային հուշարձանը, ոտնահարվում են հարակից շենքերի բնակիչների իրավունքները։ Այս մասին բազմիցս տեղեկացվել է Երևանի քաղաքապետարանը, սակայն ոչ մի միջոցառում չի իրականցրել աշխատանքները կանխելու և խնդիրն իրավական դաշտ բերելու ուղղությամբ: Աշխատանքների համար հիմք է հանդիսանում շրջանառության մեջ գտնվող էսքիզային նախագիծը։  Կառուցապատողը և քաղաքապետարանի ներկայացուցիչները բազմիցս հավաստիացրել են, որ շենքի ծավալատարածական լուծումները  պետք է պահպանվեն, հուշարձանի գոնե արտաքին տեսքը չպետք է խախտվի, շրջակա բազմաբնակարան բնակելի շենքերի բնակիչների վիճակը էլ ավելի չպետք է վատթարանա, սակայն ներկայումս արագ տեմպերով կառուցվում են շենքի նորանոր հարկեր և կառուցապատողը սկսել է վերին հարկի ծածկի իրականացման աշխատանքները՝ դուրս գալով գոյություն ունեցող հուշարձան շենքի ծավալային չափերից: Հակառակ բնակիչների  շահերի և պետական շահագրգիռ մարմինների տեսակետների և արգելքների, շենքի արտաքին ծավալներից դուրս պատրաստվում է կառուցվել լրացուցիչ հարկ, բազմաբնակարան բնակելի շենքերի բնակիչերի պատուհանների դիմաց, վատթարացնելով բնակարանների առանց այն էլ անբավարար լուսավորությունը և տեսանելիությունը, խախտելով քաղաքաշինական նորմերը և  վերջնականապես խաթարելով հուշարձան շենքի կերպարը:

Փաստորեն քաղաքի կենտրոնում բոլորի աչքի առաջ, բազմաթիվ գրավոր նախազգուշացումներից հետո, ինքնակամ քանդվում և խեղաթյուրվում է հուշարձան շենքը, խախտվում են բնակիչների արդարացի իրավունքները, իսկ քաղաքային իշխանությունները մատը մատին չեն տալիս իրենց պարտականությունները կատարելու համար: Միթե Հայաստանում գոյություն չունի օրենք, իսկ թողտվությունը սահմաններ չունի:

Վերջին հույսը Դուք եք և եթե շտապ չարձագանքեք, արդեն ուշ կլինի, քանի որ շինարարությունը, չնայած որ ինքնակամ է,  ընթանում է շատ արագ տեմպերով և չի բացառվում, որ մեկ երկու օրից  մեկ կամ մի քանի հարկեր կառուցվեն և բոլորիս փաստի առաջ կանգնեցնեն:

Խնդրում ենք նաև. բացի վերը նշվածից պատասխանել հետևյալ հարցերին`

— Բազմաբնակարան բնակելի շենքից մոտ 2մ հեռավորության վրա կառուցապատողի կողմից շենքի հիմքերից էլ ցածր նիշի վրա փորված 2-3մ խրամուղու մեջ առանց համապատասխան համաձայնեցված նախագծի իրականացվող մեծ տրամաչափի կոյուղագծի տեղադրումը արդյոք չի ազդի շենքի սեյսմակայունության վրա և վտանգի չի ենթարկի բազմաթիվ մարդկանց:

— Արդարացված է արդյոք Երևան քաղաքի կենտրոնում, արդեն իսկ շատ խիտ բազմաբնակարան  բնակելի շենքերով կառուցապատված տարածքում տեղադրված և շահագործվող առևտրական խոշոր օբյեկտի վերակառուցումը և դրա հզորությունների ավելացումը: Չէ որ քաղաքաշինական տեսակետից այդ տարածքը նման պոտենցիալ չունի և գերծանրաբեռնված է: Շուկայի երկու կողմերում բազմաբնակարան բնակելի շենքերն արդեն իսկ կառուցվել են քաղաքաշինական նորմերի խախտումով` շուկայից ոչ բավարար հեռավորության վրա,  իսկ համաձայն ներկայացված էսքիզային նախագծի վերակառուցման աշխատանքներն իրականացնելու դեպքում սպասարկման համար ստիպված օգտագործել են ցածր անցունակություն ունեցող ներբակային փողոցներն ու անցուղիները, բնակելի շենքերին կից և բնակիչների սպասարկման համար նախատեսված ընդհանուր օգտագործման տարածքները` վատթարացնելով Մաշտոցի պողոտայի և Պարոնյան փողոցների այդ հատվածների տրանսպորտային իրավիճակները, բազմակի անգամ ավելացնելով շրջակա միջավայրի աղտոտվածությունը, օդում մեքենաների շարժիչների աշխատանքի արդյունքում արտանետված գազերի պարունակությունը բնակելի շենքերի սենյակների պատուհանների անմիջական հարևանությամբ, և անհնարին դարձնելով այդ սենյակների օդափոխությունը և ուղղակիորեն բացասաբար չի ազդի բազմաթիվ բնակիչների առողջության վրա:

— Առաջնորդվելով    “Քաղաքաշինության   մասին” ՀՀ օրենքի 13-րդ և 14-րդ հոդվածներով, համաձայն ՀՀ կառավարության 1998 թվականի հոկտեմբերի 28-ի թիվ 660 որոշմամբ  սահմանված կարգի անհրաժեշտ  չէր արդյոք  զանգվածային լրատվության միջոցներով, փակ շուկայի վերակառուցման ծրագրի և նախագծի ցուցադրման միջոցառումներով իրազեկել ֆիզիկական և իրավաբանական անձանց` կենսագործունեության միջավայրի, տարածքի գոտևորման և քաղաքաշինական նախատեսվող այլ փոփոխությունների մասին, ինչպես նաև մինչև հրապարակված քաղաքաշինական ծրագրի և նախագծի հաստատումը կազմակերպել դրանց հասարակական քննարկումներ` ապահովելով շրջակա բնակելի շենքերի բնակիչների, այլ շահագրգիռ անձանց ու կազմակերպությունների մասնակցությունը և հաշվի առնել նրանց կողմից ներկայացված իրավական ու նորմատիվ ակտերով հիմնավորված դիտողությունները և առաջարկությունները:

— Վերակառուցվող առևտրի  կենտրոնը ՀՀ օրենսդրությամբ դասակարգվում է որպես բարձր ռիսկայնության աստիճանի (IV կատեգորիայի) օբյեկտ և համաձայն սահմանված կարգի դրա նախագծային փաստաթղթերը, բացի զուտ քաղաքաշինական մոտեցումներից, պետք  է պարունակեն  նաև շրջակա միջավայրի ու պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության, արտակարգ իրավիճակների կանխարգելման, կապի համակարգերի, տրանսպորտային, էներգետիկ ու ինժեներական այլ ենթակառուցվածքների անվտանգության, տեխնոլոգիական և սանիտարահիգիենիկ միջոցառումների իրականացում և ենթակա են համալիր փորձաքննության: Արդյոք մինչև շինարարության սկիզբը իրականացվել է  շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննություն`  շահագրգիռ այլ պետական  փորձագիտական մարմիններ մասնակցությամբ:

Ուզում ենք հավատալ, որ հավատալու և փոխելու Ձեր կարգախոսը սոսկ նախընտրական լոզունգ չի, և մենք իրապես իրավական երկրում ենք ապրում»։

Նախորդ հոդվածը‘Օմբուդսմենը իր «Դիֆենս» ընկերությունը վաճառել է Միշիկ Մինասյանի եղբո՞րը ‘
Հաջորդ հոդվածը‘ՌԴ ԱԳՆ-ն հերքում է՝ Լավրովը ձեռքը չի կոտրել’