‘Փակ շուկայում շինարարական աշխատանքները շարունակվում են’

663

Այսօր iLur.am-ի թղթակիցը ֆիքսել է, թե ինչպես են Երևանի կենտրոնում շարունակվում Փակ շուկայի շինարարական աշխատանքները:

Փակ շուկայի լուսամուտները, դռներն ու կամարներն աղյուսապատվել են և տեսանելի չեն ներսում կատարվող աշխատանքները, սակայն շինարարական տեխնիկայի աղմուկը վկայում էր, որ ներսում աշխատանքները ընթանում են ինտենսիվ կերպով: Բաց է միայն շուկայի ետնամասի հատվածը, որտեղից շինարարական տեխնիկան ու բանվորներն ելումուտ են անում:

iLur.am-ի թղթակիցը խոսեց տեղում աշխատող բանվորներից մեկի հետ, ով շփոթված տեղեկացրեց, որ աշխատում է այդտեղ, բայց ինչպես ինքը բնորոշեց՝ «գործը կանգնած է»: Մեր այն պնդմանը, թե այդ դեպքում ինչու է բանվորական հագուստով՝ ասաց, թե իրականում «կողքի շենքում տուն է վերանորոգում, իսկ այդտեղ եկել է ծխելու համար»:

Փակ շուկայի ստորգետյա անցումով այդ պահին դուրս եկած շինարարական տեխնիկայի վարորդից հետաքրքրվեցինք, թե որքան ժամանակ է աշխատում այդտեղ և ինչ աշխատանքներ են ընթանում ներսում: «Մեկ օրով եկել եմ ներսում տեխնիկան վերանորոգել, Փակ շուկայի հետ կապ չունեմ» , — ասաց նա: Վերջինիս խոսքով՝ «ինքը  ոչ տեսել, ոչ էլ լսել է, թե ինչ է իրականում տեղի ունենում ներսում»:

Ինչպես հայտնի է՝ Փակ շուկան պատմամշակութային հուշարձան է, որ պահպանվում է պետության կողմից: Ըստ գործող օրենսդրության, այդ շենքի հետ կատարվող ցանկացած փոփոխություն պետք է իրականացվի մանրակրկիտ կազմված, մասնագիտական եւ հասարակական լայն քննարկում անցած նախագծերի հիման վրա: 

Հիշեցնենք, որ մեկ տարի շարունակ տարբեր հասարակական կազմակերպություններ, ակտիվիստներ պահանջում ենք դադարեցնել Երևան քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում ընդգրկված (թիվ՝ 1.6.152) շինության տարածքում սկսված աշխատանքները, ինչպես նաև համաձայն «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքի` քննարկել նախագծային միջամտությունները ՀՀ մշակույթի նախարարության համապատասխան ստորաբաժանումներում»։

Տեսանյութը՝ քիչ անց

 

Նախորդ հոդվածը‘Ոստիկանության Գյումրիի բաժնի պետն ազատվել է զբաղեցրած պաշտոնից’
Հաջորդ հոդվածը‘WikiLeaks. Բանդիտական Հայաստան’