‘
«Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» հասարակական շարժման նախաձեռնող խումբը հանդես է եկել հայտարարությամբ, որում կոչ է անում կասեցնել ապօրինի շինարարական գործողությունները Փակ շուկայում: Խումբը նաև հուշարձանը հետագայում փչացնելուց դադարեցնելու նպատակով նախաձեռնել էր հերթապահություններ:
«Հասարակական շարժման նախաձեռնող խմբի՝ Փակ շուկայում իրականացվող ապօրինի շինարարական գործողությունները դադարեցնելու կոչին արձագանքել են հետևյալ քաղաքացիները.
Հակոբյան Կարինե – արվեստաբան, հրապարակախոս
Մինասյան Սեյրան – քիմիկոս
Եղիազարյան Օշին – ճարտարապետ
Հայկազյան Վարդան – գյուղատնտեսության և էկոլոգիայի գծով փորձագետ
Մինասյան Հայկ – ֆիզիկոս
Վարդումյան Հովիկ – գրող, ազատամարտիկ
Յազիճյան Գևորգ – լրագրող, հրապարակախոս
Դոխոլյան Արթուր – լրագրող
Կարախանյան Լևոն – դոցենտ
Բաղդասարյան Էդգար – ռեժիսոր»,- ասված է հայտարարության մեջ:
Ավելի վաղ տարածված հայտարարության մեջ նշվում էր. «Հին Երևանի սրտում գտնվող Ծածկած շուկայի սեփականատեր օլիգարխը մեր աչքի առաջ բարբարոսաբար քանդում ու աղճատում է հանրապետական նշանակության հուշարձանը, իր տեսակի մեջ բացառիկ այս ճարտարապետական ստեղծագործությունը:
Շուրջ երկու տարի տևող այս բարբարոսության ընթացքում մասնագիտական և քաղաքացիական հանրությունը բազմիցս գրավոր կերպով ահազանգել է ՀՀ պետական բոլոր պատկան մարմիններին, այդ թվում ՀՀ դատախազությանը, սեփականատիրոջ հանցավոր ապօրինությունների վերաբերյալ` ներկայացնելով հնարավոր բոլոր փաստարկումները:
Սակայն ՀՀ իրավապահ մարմինները բավարարվել են միայն տուգանքներով և սին հավաստիացումներով, թե իբր ապօրինի շինարարությունը դադարեցված է ու գտնվում է խիստ հսկողության տակ:
Մինչդեռ իրեն օրենքից վեր դասող սեփականատեր օլիգարխը ոչ միայն չի ապահովել հուշարձանի պահպանությունն ու անվթարությունը, այլև անգամ օրենքով սահմանված տուգանքների վճարումից հետո դիտավորյալ կերպով հետևողականորեն շարունակել է դրա քանդման ու վերակառուցման ապօրինի գործունեությունը` անթույլատրելի փոփոխությունների ենթարկելով նրա կերպարը, ներքին ու արտաքին կառուցվածքը, նսեմացնելով հուշարձանի պատմաճարտարապետական արժեքը»:
‘