‘Փանոս Թերլեմեզյանի հուշերից — 6’

18522

Լույս է տեսել մեծանուն նկարիչ Փանոս Թերլեմեզյանի հուշագրությունը (Փանոս Թերլեմեզյան, «Կյանքիս հուշերը», հրատարակչությամբ «Թեքեյան» մշակութային միության, Երևան, 2017): Հուշերի բնագիրը հրատարակության է պատրաստել Երվանդ Տեր-Խաչատուրյանը, որը նաև գրքի առաջաբանի ու ծանոթագրությունների հեղինակն է:

Փանոս Թերլեմեզյանը, բացի մշակութային գործունեությունից, կյանքի տարբեր ժամանակահատվածներում ներգրավված է եղել նաև ազգային-հասարակական գործունեության մեջ: 1915թ. Պոլսից տեղափոխվել է Վան և մասնակցել է քաղաքի ինքնապաշտպանության կազմակերպմանը: Որպես ինքնապաշտպանությունը համակարգող մարմնի անդամ` Փանոս Թերլեմեզյանը ականատեսի աչքերով իր հուշերում ներկայացրել է այդ ժամանակահատվածում տեղի ունեցող իրադարձությունները, մասնավորապես՝ դրվագներ Դաշնակցության գործունեությունից:

iLur-ը ձեզ է ներկայացնում հատվածներ նկարչի հուշերից:

ԿԱՄԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՇԱՐԺԱՌԻԹՆԵՐԸ

Եթե ռուսներին կամավորներ հարկավոր էին իբրև առաջընթաց հետախուզական խմբեր, այդ կարող էին կազմակերպել բոլորովին անաղմուկ, առանց «կամավորական գնդեր» կամ «բանակներ» անուն աղմկալից հայտարարությունների։ Իսկ եթե այդ կամավորները հարկավոր էին իբրև կռվող ուժ, որոնք իրոք տեղ-տեղ հերոսություններ կատարեցին և առատորեն թափեցին իրենց արյունը, հապա ինչու հետո, երբ պատերազմը սկսվեց, ու երբ գլխավոր հրամանատար գեներալ Յուդենիչը մտավ Ալաշկերտ, տիրապետեց Արածանիի և Եփրատի հովիտներին, անմիջապես իր փոխանորդ գեներալ Օգանովսկու հետ սկսեցին անվանարկել հայ կամավորականությանը ստահոդ հեռագրերով և հյուրասիրել ու պաշտպանել հայերին մորթոտող հայտնի քյուրդ բեգերին։ Ինչու հանկարծ ռուս հրամանատարությունից լուրեր էին տարածվում իբր թե երեսուն թյուրքական նոր դիվիզիաներ հասել են թշնամու ճակատը։ Այդ գետնից բուսած անգո թյուրք դիվիզիաների լուրը բացարձակ կերպով ժխտվում էր առաջացած խուզարկու խմբերից: Հիշյալ նախամտածված սուտ լուրերի հետևանքով, ցարիզմի բանակները սկսում էին անկարևոր բաներ այրելով նահանջել, իսկ բնիկ հայ ազգաբնակչությունը և նրանց մոտ կուտակված ներսից եկած գաղթականները ստիպված էին թողնել իրենց ամեն ավեր հին ու ամենաանհրաժեշտ ունեցածները՝ հետևելու համար հետ փախչող ցարական բանակներին, որպեսզի թյուրքական հորդաներից չկոտորվեն: Իսկ հետ մնացողները կամ հոշոտվում էին գայլերից և կամ ոչնչանում թյուրք ու քյուրդ ձիավորների սմբակների տակ։ Մի քանի օր հետո ցարական բանակները նորից էին վերադառնում իրենց նախապես գրաված վայրերը առանց ընդդիմության հանդիպելու: Այդպես կրկնվում էր առաջ գնալու և հետ գալու ողբերգական խաղը, մինչև որ տեղի ազգաբնակչությունը տրորվեր ու ոչնչանար:

Ավելի հետո բանակների րնդհանուր հրամանատար Յուդենիչը, աղվես Վորոնցովի հետ համախոհ, արգելեցին հայերի մուտքը նոր գրավված նահանգները ու սկսեցին այնտեղ հաստատել «եփրատյան կազակությունը»։

Արդյոք սրանք ապացույց չէի՞ն, որ առաջուց ծրագրված էր նախ գրգռել թյուրքերին հայություն ոչնչացնելու ու հետո տիրելու հայկական նահանգներին։ Պետք է նշել, որ հայ կամավորների րնդհանուր թիվը 2500 էր, ապա միայն առաջարկվեց բարձրացնել 10000-ի, բայց անմիջապես հետո պահանջվեց լուծել այդ կամավորական խմբերը, իսկ Կովկասյան ճակատում գործող ռուս զինվորների թիվը 800 000 էր: Այդ օրերին Վանում թյուրքական բանակից փախած հայ զինվորները լուր բերին, որ թյուրքերը Կլըջ Կյատուկի ճակատում գտնված իրենց հայ զինվորներից 250 մարդ հավաքել և կոտորել են: Հետո ուրիշ քյուրդ ականատես փախստականներ հաստատեցին այդ լուրը:

Ռուս-թյուրքական ընդհարումները բացառապես պետք է կատարվեին հայկական բարձրավանդակի վրա, որի պատճառով այն տեղերի հայ գյուղացիները խիստ մտահոգ էին։

Արդեն սահմանագլխի բռնաբարված գյուղացիության սուր ճիչերն էին հասնում Վան: Ալբաքիցն էլ կոտորածների սև. լուրեր էին գալիս։ Յուրաքանչյուր օր նոր դեպքեր և լուրեր սպանում էին հայ ժողովրդի հավատի մնացորդները դեպի թյուրք կառավարությունը:

Վանում մենք մի աղոտ հույս ունեինք, որ Թյուրքիան պատերազմի մեջ չի մտնի, որովհետև մտածում էինք, որ նա իր թշվառ ժողովրդի դեմ ոճիր չգործելու չափ խելք ունի։ Բայց hուսախաբվեցինք (էջ 326-327):

 

Սկիզբը` տես Փանոս Թերլեմեզյանի հուշերից — 1,

Փանոս Թերլեմեզյանի հուշերից — 2,

Փանոս Թերլեմեզյանի հուշերից — 3,

Փանոս Թերլեմեզյանի հուշերից — 4,

Փանոս Թերլեմեզյանի հուշերից — 5

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ դեսպան. Հայաստանի շատ խնդիրներ կապված են ԼՂ հարցի չկարգավորված լինելու հետ’
Հաջորդ հոդվածը‘Քսենյա Սոբչակը որոշել է ընտրությունից առաջ փոխել անուն-ազգանունը’