‘Փանջիկիձեի հայտարարության հարցը փակված է. Իվանիշվիլիի ասուլիսը Երևանում’

953

Հայաստանի և Վրաստանի վարչապետերի` Երևանում կայացած ասուլիսի ժամանակ վրացի լրագրողը հարց հնչեցրեց` կապված Վրաստանի արտաքին գործերի նախարար Մայա Փանջիկիձեի արված հայտարարության հետ: Հարցը բարկացրեց Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլուն, որն էլ ի պատասխան հիշեցրեց, որ հարցի առնչությամբ ամեն ինչ ասված է և պարզ: «Նախարարի խոսքն աղավաղված է եղել լրատվամիջոցներում: Հարցը փակված է»,-շեշտեց Իվանիշվիլին:

«Արմենպրեսի» փոխանցմամբ` Վրաստանի վարչապետը նշեց, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ իր հանդիպման ժամանակ խոսել են ԼՂ խնդրի մասին, և Ալիևի դիրքորոշումն ինքը փոխանցել է Տիգրան Սարգսյանին: «Խնդիրն իրոք բարդ է, և, ինչպես երևում է, ապագայում էլ է այդպիսին լինելու»,- նշեց Իվանիշվիլին: Ուզում եմ, որ երկու պետությունները հնարավորություն գտնեն հարցի խաղաղ ճանապարհով կարգավորման համար»,- ասաց Իվանիշվիլին:

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը շնորհակալություն հայտնեց վրացի գործընկերներին ԼՂ կարգավորման հարցում հավասարակշիռ դիրքորոշում ունենալու համար: «Գաղտնիք չէ, որ շատ հաճախ այս կամ այն հայտարարությունները, որ արվում են ԼՂ կարգավորման շուրջ, աղավաղվում են: Շնորհակալ ենք վրացի գործընկերներին, որ աղավաղումների դեպքում, օպերատիվ արձագանքում են, որպեսզի չլինեն Վրաստանի կառավարության դիրքորոշման հետ չհամապատասխանող դիրքորոշումներ»,- ասաց Տիգրան Սարգսյանը:

Ադրբեջանական, ինչպես նաև վրացական լրատվամիջոցներում տեղեկություն էր տարածվել, թե իբր Փանջիկիձեն Լիտվայի խորհդարանի Եվրոպական ակումբի և տեղեկատվական գրասենյակի կողմից հունվարի 10-ին կազմակերպված քննարկման ժամանակ, պատասխանելով Լիտվայում Ադրբեջանի դեսպանի հարցին,  հայտարարել է, որ ԼՂ հակամարտության կարգավորումը հնարավոր է միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում: Նրան վերագրվող հայտարարությունը հերքվել է:

Նախորդ հոդվածը‘Արամ Հարությունյան. Իմ նախընտրական շտաբները հայկական օջախներն են, իսկ շտաբի ղեկավարները՝ օջախի տերերը’
Հաջորդ հոդվածը‘Բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են’