«Փանջշերյան կորյունը» պատրաստվում է դիմակայել թալիբներին Աֆղանստանում

544

Աֆղանստանում այժմ միայն մի շրջան կա, որը չի անցել թալիբների վերահսկողության տակ՝ Փանջշերյան կիրճը։

Այժմ այնտեղ ապստամբների ջոկատբեր են կազմվում՝  խորհրդային զորքերին, ապա «Թալիբանին»  հաջողությամբ դիմակայած լեգենդար հրամանատար Ահմադ Շահ Մասուդի որդու՝ Ահմադ Մասուդի գլխավորությամբ։

«Մենք արդեն դիմադրության հազարավոր մարտիկներ ենք հավաքել, մենք տղաներ ունենք, որոնք առաջ ծառայել են դիվերսիոն և հատուկ նշանակության ստորաբաժանումներում, կան մեր տեղական ջոկատները, որոնք ուսուցում են անցել Փանջշերում, կան նաև հարևան շրջաններից ուժեր,- BBC-ի հետ զրույցում հայտարարել է Աֆղանստանի ազգային դիմադրության ճակատի ներկայացուցիչ Ալի Նազարին։- Կիրճում իրավիճակը կայուն է, Փանջշերը պաշտպանված է և ամրացված։ Վերջին չորս տարիներին ոչ ոք այստեղ չի կարողացել թափանցել, կիրճն անառիկ է մնում։ Մենք վստահ ենք, որ այդպես էլ շարունակվելու է, և ոչ մի ագրեսոր այստեղ մտնել չի կարող»։

Դիմադրության երկարամյա առաջնորդ Ահմադ Շահ Մասուդին «Ալ-Քաիդան»  սպանեց 2001 թ․ սեպտեմբերի 11-ի ահաբեկչական գործողություններից երկու օր առաջ։ Դաշտային հրամանատարին, որին խորհրդային զորքերի դեմ մարտերում հաճախ էր մահվանից մեկ քայլ բաժանում, պայթեցրին երկու մահապարտներ, որոնք նրա մոտ էին եկել որպես լրագրողներ։

Կրտսեր Ահմադ Մասուդն այդ ժամանակ 12 տարեկան էր։ Նա կրթությունն ավարտեց Իրանում, ապա տեղափոխվեց Մեծ Բրիտանիա և ուսանեց Սենդհերսթի ռազմական ակադեմիայում։ Մասուդը Լոնդոնի թագավորական քոլեջի բակալավրի կոչում ունի ռազմական հետազոտությունների ոլորտում, սակայն իրական ռազմական փորձառություն երիտասարդ քաղաքական գործիչը չունի։

Հարցազրույցում նա նշել է, որ իր համար առաջնահերթություն են խաղաղ բանակցությունները, այլ ոչ թե ռազմական բախումները։

«Ցավոք՝ «Թալիբանի» գործողությունները վկայում են, որ նրանք հանդուրժողականության, մարդու և կանանց իրավունքների կողմնակից չեն, նրանք դեմոկրատական արժեքներ չեն դավանում։ Իսկ դրանք այն բաներն են, որոնք կարևոր են միջազգային հանրության համար, որպեսզի ճանաչեն այդ կառավարությունը։ Եվ դա խնդիր է մեզ համար, մենք չենք ուզում ապրել մեկուսացված, մենք չենք կարող ընդունել մի կառավարություն, որն ընդունակ չէ լավ հարաբերություններ հաստատել տարածաշրջանում և աշխարհում»,- հայտարարել է կրտսեր Մասուդը։

Ի դեպ, թարգմանաբար՝ «Փենջշեր» նշանակում է «հինգ առյուծ»։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըՃանապարհի վերաբացման ուղղությամբ տարվող աշխատանքները շարունակվում են. ԱԱԾ
Հաջորդ հոդվածըՎարանդայի (Ֆիզուլի) շրջանում այսօր զոհված զինծառայողի աճյուն կամ մասունք չի հայտնաբերվել