‘
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ-ում էր, որտեղ հանդիպել է ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի եւ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հետ:
armtimes.com-ի փոխանցմամբ, Փաշինյանն ասել է, որ ԱԺ է գնացել քննարկելու ԱԺ կանոնակարգում տեղի ունեցող այն փոփոխությունները, որոնք խոչընդոտելու են վարչապետի հրաժարականով ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելուն:
«Խորհրդարանում այսօր տեղի է ունեցել շատ կարեւոր իրադարձություն՝ նեգատիվ առումով: ՀՀԿ-ն եւս մեկ անգամ ցույց է տվել, որ չի տիրապետում ՀՀ-ում առկա նոր քաղաքական իրավիճակին: Այն, ինչ տեղի է ունեցել, չի կարող անցնել առանց հետեւանքների: Ես պատրաստվում եմ անել քաղաքական հայտարարություն»,- ասել է Փաշինյանը՝ նախագծի հեղինակներին եւ նախագիծը պաշտպանողներին մեղադրելով հակահեղափոխություն իրականացնելու մեջ։
Փաշինյանը հավելել է, որ վերջին զարգացումներից հետո այս տարվա դեկտեմբերին տեղի են ունենալու արտահերթ խորհրդարանական ընտրություններ:
Հիշեցնենք, որ ԱԺ նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանը երկրորդ ընթերցմամբ այսօր ԱԺ քննարկման է ներկայացրել Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին« օրենքի նախագիծը , որը հեղինակել են ինքը՝ Հովհաննիսյանը, Վահրամ Բաղդասարյանը եւ Անդրանիկ Հարությունյանը:
Առաջարկվող փոփոխություններից մեկը վերաբերում է ՀՀ ԱԺ հերթական, հատուկ, կամ արտահերթ նիստերի բնականոն գործունեության ապահովմանը: Նշվում է, թե այն դեպքերում, երբ խոչընդոտվում է ԱԺ նիստի իրավազորության ապահովումը, որպեսզի խորհրդարանն սկսի իր աշխատանքը, կամ խոչընդոտվում է պատգամավորների մասնակցությունը նիստին, առաջարկվում է այս դեպքերում ԱԺ նիստը համարել ընդհատված, այլ ոչ թե չկայացած:
Նախագծի քննադատները նշում են, որ քայս օրինագծով փորձ է արվում կասեցնել ԱԺ լուծարումն՝ օրենքի ուժով։ Բանն այն է, որ ըստ օրենքի, վարչապետի հրաժարականի պարագայում, եթե 2 անգամ անընդմեջ նոր վարչապետ չի ընտրվում , ապա ԱԺ-ն իրավունքի ուժով արձակվում է։ Այս փոփոխություններից հետո, եթե նիստն ինչ-ինչ պատճառներով չի կայանում, ապա նիստը փաստացի ընդհատված է համարվում, այդպիսով կասեցվում է նոր վարչապետ չընտրեեւ սրանով փորձ է արվելու կասեցնել վարչապետի չընտրվելն ու օրենքի ուժով խորհրդարանի արձակումը։
‘