‘Փաստաբանը չի բացառում, որ Սյունիքի մարզպետը քնած չի եղել’

927

Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած արյունալի միջադեպի հետևանքով վիրավորված Արտակ Բուդաղյանի պաշտպանական կողմը անհիմն չի համարում այն հրապարակումները, որ դեպքի պահին Սուրիկ Խաչատրյանը ոչ թե քնած է եղել, այլ եղել է տան պատշգամբում։  Տեղեկացնում է Ազատություն ռ/կ-ն:

Լրատվամիջոցը նշում է, որ վերջին շաբաթներին Արտակ Բուդաղյանի հոր` Էմիլ Բուդաղյանի հետ հարցազրույցների ֆոնին լրատվամիջոցներում սկսեց շրջանառվել այն վարկածը, որ գործող մարզպետը դեպքի պահին եղել է պատշգամբում և նույնիսկ կրակել է։ 
«Այդ հրապարակումները էնպես չի, որ բացարձակապես օդից վերցված են», — այսօր լրագրողների հետ հանդիպմանը «Ազատություն» ռադիոկայանի հարցին ի պատասխան արձագանքել է Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանը՝ շարունակելով․ — «Ես կարող եմ ասել, որ քրեական գործում կարող են լինել նաեւ այդպիսի տվյալներ, ես շատ չեմ ուզում բացել փակագծերը, թե ով կարող է այդ տվյալները հայտնած լինի քննությանը, կոնկրետ ինչ ձեւով են այդ տվյալները ձևակերպված, բայց չի կարելի ասել, որ դրանք ոչ մի հիմք իրենց տակ չունեն։ Նաև չի կարելի ընկնել մյուս ծայրահեղության մեջ և հիմա այնպիսի հայտարարություններ անել, որոնք կասկածի տակ կդնեն որևէ մեկի անմեղության կանխավարկածը»։

Հարցին, թե դեպքը պատկերող տեսանյութի, իր պնդմամբ՝ չմոնտաժված տարբերակը արդյո՞ք նման կասկածներ հարուցում է, փաստաբանը պատասխանեց, որ եթե ինքն ասում է, որ տեսանյութը մոնտաժված է, նկատի չունի, որ «չմոնտաժված տարբերակում պատշգամբ է երևում և վրան Սուրիկ Խաչատրյանը»։

Նախորդ հոդվածը‘Փաստաբան. Հրաչյա Հարությունյանը ինքնասպանության մասին չի խոսել’
Հաջորդ հոդվածը‘«Չեմ վճարելու 150 դրամ». Տեսանյութ’