‘
Երեկ՝ նոյեմբերի նոյեմբերի 18-ին, Լոռիի մարզի Շահումյան գյուղում գտնվող «Մուշ» ռեստորանում սպանված փաստաբանի գործով արդեն կա ձերբակալված անձ: news.am-ի տեղեկություններով, այսօր ոստիկանության Վանաձորի բաժին է մեղայականով ներկայացել Վանաձոր քաղաքի բնակիչ, 33-ամյա Արտակ Վերանյանը, այժմ նրան տեղափոխվում են ձերբակալվածների պահման վայր:
Արտակ Վերանյանը նախկինում աշխատել է Տավուշի մարզային վարչության Բագրատաշենի բաժնում որպես օպերլիազոր: Այնուհետ մաքսանենգության հոդվածով նրան մեղադրանք է առաջադրվել, ու նա շուրջ 11 ամիս անցկացրել է ազատազրկման վայրում, թեև Ա. Վերանյանը մինչ օրս իր մեղքը չի ընդունում նշված քրեական գործով:
Փաստաբանի սպանության գործով նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ Քրօր.-ի 104 հոդվածի 1-ին մասի (սպանությունը, ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը) և 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի (խուլիգանությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից) հատկանիշներով:
Հիշեցնենք, որ Նոյեմբերի 18-ին սպանություն էր տեղի ունեցել Վանաձորի մերձակա գյուղերից մեկում: Շահումյան գյուղի «Մուշ» ռեստորանում դիակ էր հայտնաբերվել բռնության հետքերով:
Ըստ լուրերի՝ նույն ռեստորանի սեղանակիցների միջև վիճաբանություն է տեղի ունեցել, և կողմերից մեկը դանակով հարվածներ է հասցրել մյուսին, ով տեղում մահացել է: Ոստիկանության լրատվության վարչությունից հաստատել էին տեղեկությունը` հավելելով, որ սպանվածը Երևանի բնակիչ, 1963 թ. ծնված Սամվել Շարբաթյանն է: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Սամվել Շարբաթյանը Հայաստանի փաստաբանների պալատի անդամ էր:
Նշենք նաև. որ երեկ «Ֆեյսբուքի» իր էջում Իզաբելա Աբգարյանը, ով իրավաբանական գրասենյակում է աշխատում, գրել էր, որ փաստաբան Սամվել Շարբաթյանին ոչ թե դանակահարելով են սպանել, այլ կրակելով: «Դանակահարություն չի եղել, եղել են կրակոցներ: Նա գնացել էր քրոջ դստերը նեղացնող երիտասարդների հետ խոսելու: Այսքանը:
Խորին ցավակցություններս ընտանիքին.. Խոսք չեմ գտնում..»,- գրել է նա` կոչ անելով անտեղի շահարկումներ չանել ու չստուգված տեղեկություններ չտարածել:
‘