‘Փաստաբան Ալեքսանդր Մալցևը մանրամասներ է փոխանցում հայ վարորդի գործի ու նրա հոգեբանական վիճակի մասին ‘

1382

Ռուսաստանում խոշոր ավտովթարի պատճառ դարձած բեռնատարի վարորդ Հրաչյա Հարությունյանն ապահովված է երկու փորձառու փաստաբանով։ Նրանք փորձում են պաշտպանությունը կառուցել այն հանգամանքի վրա, որ պետք է պատասխանատվության ենթարկվի ընկերության ղեկավարությունը, որը հանձնարարել է Հրաչյա Հարությունյանին բեռներ տեղափոխել շահագործման համար ոչ պիտանի բեռնատարով: Գործի քննության ներկա փուլի, Հրաչյա Հարությունյանի բարոյահոգեբանական վիճակի մասին «Արմենպրեսը» զրուցեց Հարությունյանի դատապաշտպան Ալեքսանդր Մալցևի հետ: 

Խնդրում եմ մանրամասներ ներկայացնեք հարուցված քրեական գործով նախաքննության ընթացքի մասին: Ի՞նչ քայլեր եք պատրաստվում ձեռնարկել Հրաչյա Հարությունյանի պաշտպանության հետ կապված:

-Հիմա ամենակարևորն այն կազմակերպության տիրոջը գտնելն է, ուր նա աշխատանքի է անցել, և որը նրան տրամադրել է անվտանգության չափանիշներին չհամապատասխանող փոխադրամիջոց: Մեքենան գործարկումից առաջ փորձաքննության չի ենթարկվել, ինչը կազմակերպության ղեկավարության կողմից կոպիտ օրինախախտում է: Այժմ մենք փորձում ենք պատասխանատվության կանչել կազմակերպության ղեկավարությանը, որին հիմա փնտրում ենք ոչ միայն մենք, այլև քննչական մարմինները: Մեր հիմնական պաշտպանությունը մենք կառուցելու ենք այս վարկածի վրա: 

Մյուս պաշտպան պարոն Չուբաևն իր հայտարարությունների ժամանակ նշել է, որ նոր մեղադրյալներ կարող են ի հայտ գալ: Արդյո՞ք հենց  ընկերության ղեկավարությանն է ի նկատի ունեցել:

Ես կարծում եմ, այո, դրա տակ ի նկատի է ունեցել հենց կազմակերպության ղեկավարությանը:

Իսկ ի՞նչ շանսեր կան, որ այս վարկածը կաշխատի և Հարությունյանի մեղադրանքը կմեղմացվի:

-Կարծում եմ դեռ վաղ է դրա մասին ասելը, քանզի դեռ մեծ աշխատանք պետք է տարվի, այժմ կարևոր է գտնել մեղավորներին, ովքեր պատասխանատու են մեքենան ճանապարհ թողնելու համար: 

Ինչպե՞ս կմեկնաբանեք այն փաստը, որ Հրաչյա Հարությունյանին դատարանի դահլիճ են բերել նման նվաստացնող վիճակում` կանացի խալաթով, անմիջապես կոմայից դուրս գալուց հետո:

-Կարող եմ ասել, որ իրավապահ մարմինների կողմից խախտում է թույլ տրվել. նրան բերել են գործնականում կիսամերկ` կարծես ցանկանալով նվաստացնել մարդուն, ինչի կապակցությամբ ես և իմ կոլեգա փաստաբանը համապատասխան արձագանք ենք տվել և մեր դժգոհությունը հայտնել: Անընդունելի է այն, որ նրան հիվանդանոցից բերել են այդ վիճակում` ոչ մի հագուստ չտալով: Բացի դրանից, ԶԼՄ-ները նրան ցույց տվեցին այդ տեսքով` տառացիորեն նվաստացնելով մարդուն: Բանն այն է, որ նա գտնվել է Մոսկվայի 20-րդ քաղաքային հիվանդանոցում, որտեղից էլ պահակախմբի հսկողությամբ բերվել է դատարան, ուստի մենք ոչ մի կերպ չէինք կարող ազդել տեղափոխման ընթացքի վրա: Մենք նրան տեսանք դատարանի դահլիճում, երբ արդեն սկսել էր դատական գործընթացը և քննիչը միջնորդություն էր ներկայացնում կալանքը` որպես խափանման միջոց, կիրառելու վերաբերյալ: 

Իսկ հնարավոր է, որ այդ ամենը ազդել է Հարությունյանի դեպրեսիվ և անտարբեր վիճակի վրա, որի արդյունքում չի ցանկանում բողոքարկել դատարանի որոշումը:

Չեմ կարծում, որ դա որևէ կերպ ազդել է նրա այդ որոշման վրա: Նա հրաժարվում է ելույթ ունենալ լրագրողների առաջ, բացի դրանից, նա դեռ ուշքի չի եկել նման բարոյահոգեբանական հարվածից: Ավտովթարից հետո Հարությունյանին անմիջապես տեղափոխել են հիվանդասենյակ, ուր հեռուստացույց, ռադիո կամ տեղեկատվություն ստանալու այլ աղբյուր չկար, ուստի ավտովթարի հետևանքների մասին նա իմացել է անձամբ ինձանից և մեծ սթրես է ապրել:

Հայաստանի դեսպանատնից կապվե՞լ են Ձեզ հետ և արդյոք հայակական կողմը համագործակցության պատրաստակամություն հայտնել է:

-Այո, իհարկե: Այսօր ինձ հետ կապվել են Հայաստանի դեսպանատան մամուլի քարտուղարությունից և առաջարկել են իրենց օգնությունը, իսկ երեկ Ռուսաստանում հայկական համայնքի ներկայացուցչի հետ մենք քննարկել ենք գործի մանրամասները: Կարծում եմ մենք կհամագործակցենք նրանց հետ ապագայում:

Տեղեկանք. Հուլիսի 13-ին` ժամը 13:00-ին, «Նոր Մոսկվա»-ում` Պոդոլսկ գյուղի մոտակայքում, մանրախճով բեռնված «Կամազ» մակնիշի բեռնատար մեքնենան դուրս է եկել ճանապարհից և բախվել Պոդոլսկից Կուրիլովո գնացող ЛиАЗ ավտոբուսին` այն բաժանելով երկու մասի: Ավտովթարի արդյունքում զոհվել է 18 մարդ և ավելի քան 60-ը վիրավորվել են: Հրաչյա Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել երթևեկության անվտանգության կամ շահագործման կանոնները խախտելու համար, ինչն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ: Նրա նկատմամբ կիրառվել է երկամսյա կալանք: Նրան դատարան են տարել կանացի խալաթով: ՀՀ ՄԻՊ Կարեն Անդրեասյանը դիմել է Ռուսաստանի Դաշնության մարդու իրավունքների հարցերով լիազոր Վլադիմիր Լուկինին` Հրաչյա Հարությունյանի արժանապատվության և այլ իրավունքների պաշտպանության խնդրանքով: 

Հարցազրույցը` Սյունե Բարսեղյանի

Նախորդ հոդվածը‘Պռոշյանում վերահաշվարկից հետո ընտրությունների արդյունքը չի փոխվել’
Հաջորդ հոդվածը‘Բողոքի ակցիա ՌԴ դեսպանության առաջ՝ ի պաշտպանություն Հրաչյա Հարությունյանի’