‘Փաստաբան. Աղբյուրի բացահայտման որոշումը հակաօրինական է (Տեսանյութ)’

1195

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում շարունակվեց iLur.am-ի եւ «Հրապարակ» օրաթերթի բողոքի քննությունը: Նշենք, որ լրատվամիջոցները բողոքարկում են առաջին ատյանի դատարանի՝ լրատվության աղբյուրը բացահայտելու պահանջով կայացրած վճիռը:

Ավելի վաղ դատարանը որոշել էր չեղյալ համարել դատավարությունը դռնփակ անցկացնելու՝ ավելի վաղ կայացված որոշումը, իսկ նիստը հետաձգվել էր դատախազի՝ համապատասխան փաստաթուղթ չներկայացնելու պատճառով:

Դատական նիստին iLur.am-ի եւ «Հրապարակ»-ի ներկայացուցիչներ Տիգրան Եգորյանը, Լուսինե Հակոբյանը, Արմեն Խաչատրյանը եւ Արտակ Զեյնալյանը դատարանին ներկայացրին վերաքննիչ բողոքը:

Փաստաբան Տիգրան Եգորյանի խոսքով՝ առաջին ատյանի դատարանը որոշումը կայացրել է նյութական եւ դատաիրավական իրավունքի ակնհայտ եւ կոպիտ խախտումներով: «ՀՀ Սահմանադրության համաձայն յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու, խոսքի ազատության իրավունք՝ ներառյալ տեղեկություններ եւ գաղափարներ փնտրելու, ստանալու, տարածելու ազատությունը տեղեկատվության ցանկացած միջոցով՝ անկախ պետական սահմաններից: Այս իրավունքի սահմանափակման հիմքերը նախատեսված են Սահմանադրության 43-րդ հոդվածով, որի համաձայն այդ իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով, եթե դա անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում, պետական անվտանգության, հասարակական կարգի պահպանման, հանցագործությունների կանխման եւ այլ նպատակներով»,- նշեց փաստաբանը՝ հավելելով, որ միջամտությունը սահմանված չէ օրենքով, քանի որ քրեական դատավարության օրենսգիրքը չի պարունակում այնպիսի կարգավորումներ, որոնց հիման վրա դատարանը կարող էր պարտադրել լրագրողին եւ լրատվամիջոցին բացահայտել իր տեղեկատվության աղբյուրը:

Փաստաբան Լուսինե Հակոբյանը նշեց, որ դատարանը սահմանափակվել է ինչ-որ անհասկանալի, ցաքուցրիվ մեջբերումներով ու դեկլարատիվ բնույթի նորարարական ձեւակերպումներով: «Վերահսկողական գործառույթ իրականացնելիս դատարանի առաքելությունը ոչ թե պետական իշխանությունների տեղը զբաղեցնելն է, այլ նրանց կողմից հայեցողական իշխանություն իրականացնելու արդյունքում ընդունված որոշումների ուսումնասիրությունն է»,- ասաց փաստաբանը՝ հավելելով, որ դատարանը պետք է ուշադրություն դարձնի բողոքի առարկա հանդիսացող միջամտությանը եւ որոշի, թե արդյոք պետական իշխանության կողմից բերվող պատճառաբանությունները վերաբերելի են եւ բավարար: «Դատավոր Խանդանյանի կողմից կայացված որոշմանը մի հպանցիկ հայացքը բավարար է տեսնելու համար, որ այն հեռու է պատճառաբանված լինելուց. որոշման պատճառաբանական մասը ընդամենը կես էջ է, ինչը ուղղակիորեն վկայում է այն մասին, որ գործի հանգամանքների մանրազննին ուսումնասիրության մասին խոսելն ավելորդ է»,- նշեց Լուսինե Հակոբյանը:

Արտակ Զեյնալյանի խոսքով՝ նման պարագայում պատասխանատվություն է կրում ոչ թե լրատվամիջոցը կամ խմբագիրը, այլ նյութի հեղինակը՝ լրագրողը:

 

Նախորդ հոդվածը‘Թագուհին չի մասնակցի Շոտլանդիայի վերաբերյալ բանավեճին’
Հաջորդ հոդվածը‘ՀՔԾ. Հատուկ ծառայություն իրականացնող անձը խուլիգանության դեպքի մասնակից’