‘Փաստաբան Կարինե Ավանեսյանը դատապարտվել է երկարատև ազատազրկման’

849

Իր պաշտպանյալի շահերը պաշտպանելու համար նրա հորից խաբեությամբ առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու համար երկարատև ազատազրկման է դատապարտվել փաստաբան Կարինե Ավանեսյանը:

Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը` դատավոր Արմեն Խաչատրյանի նախագահությամբ, ամբաստանյալի աթոռին հայտնված փաստաբան Կարինե Ավանեսյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերի խարդախության համար և դատապարտել նրան ազատազրկման 6 տարի 6 ամիս ժամկետով: Նրանից կբռնագրավվի նաև 16.296.580 ՀՀ դրամը չգերազանցող գույք, իսկ պատիժը կկրի քրեակատարողական հիմնարկում:

Փաստաբան Կարինե Ավանեսյանը որպես մեղադրյալ է ներգրավվել 2012թ. հունվարի 16-ին, քանի որ նախաքննական մարմինը պարզել էր, որ 2009թ. նոյեմբեր ամսից մինչև 2010թ. փետրվար ամիսն ընկած ժամանակահատվածում նա Գուրգեն Հակոբյանից` նրա որդու` դիտավորյալ սպանության համար դատապարտված ամբաստանյալ Կարեն Հակոբյանի շահերը դատական ատյաններում պաշտպանելու համար, խաբեությամբ և վստահությունը չարաշահելու միջոցով վերցրել և խարդախությամբ տիրացել է 16.296.580 ՀՀ դրամին համարժեք 43.000 ԱՄՆ դոլար գումարին: Բացի այդ Կ. Ավանեսյանը խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով անձնական կարիքները հոգալու համար 13.12.2008թ. նվիրատվություն ստանալով Աշոտ Խաչատրյանին է ձևականորեն վաճառել Ժանետ Արծրունյանին պատկանող 60.000.0000 ՀՀ դրամ արժողությամբ Երևան քաղաքի Նաիրի Զարյան 58 հասցեի անշարժ գույքը և խարդախությամբ տիրացել գումարին:

ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով առաջադրված մեղադրանքում փաստաբանն իրեն մեղավոր չի ճանաչել: Իսկ դատարանի գնահատմամբ արարքը հիմնավորվել է այդ թվում դատաքննությամբ ձեռք բերված ապացույցներով և փաստաբանը ենթակա է քրեական պատասխանատվության:

Դատապարտված փաստաբանը կարող է դատավճիռը բողոքարկել վերաքննիչ քրեական դատարան:

«Փաստինֆո»

Նախորդ հոդվածը‘ՀՀԿ-ն ողջ ղեկավար կազմով այցելել է Անդրանիկ Մարգարյանի շիրիմին’
Հաջորդ հոդվածը‘Մահացել է դերասան Արսեն Առաքելյանը’