‘Փաստաբան. «Հարսնաքարի» գործով դատաքննությունը հանցագործության ամբողջական պատկերը վեր չի հանել’

1452

Արդեն տեղեկացրել ենք, որ օգոստոսի 16-ին ավարտվել է «Հարսնաքարի» գործով դատաքննությունը: Մեղադրող Արմեն Մարուխյանը դատարանից տասնհինգօրյա ժամկետ  է խնդրել՝ մեղադրական ճառին պատրաստվելու համար: Նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին («Նեմեց Ռուբո») պատկանող «Հարսնաքար» համալիրի աշխատակիցների կողմից 2012-ի հունիսի 17-ին դաժան ծեծի հետեւանքով մահացած զինվորական բժիշկ Վահե Ավետյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը iLur.am-ի հետ զրույցում, ամփոփիչ գնահատական տալով գործի ընթացքին, նշում է, որ մշակված սցենարի արդյունքում թե՛ գործով նախաքննության, թե՛ դատաքննության ընթացքում տեղ են գտել բազմաթիվ թերացումներ եւ միտումնավոր բացթողումներ, որոնք նպատակ ունեին սեղմել հանցագործության հետ առնչություն ունեցող անձանց շրջանակը, մասնավորապես, դրանից հեռու պահել Ռուբեն Հայրապետյանին:

 

— Եթե հիշում եք, նախ, շատ դժվարությամբ ճանաչվեցին մեր իրավունքները՝ երկար ժամանակ Գառնիկ Ավետյանը (Վահե Ավետյանի հայրը-խմբ.) տուժողի իրավահաջորդ չէր ճանաչվում, երկար ժամանակ մեզ չէին հանձնվում նախաքննության՝ մեզ հասանելիք նյութերը, դրանից հետո նախաքննությունը հապճեպորեն ավարտվեց: Այդ գործելաոճը պայմանավորված էր նրանով, որ վարույթն իրականացնող մարմինը, քաջ գիտակցելով, որ փաստաբաններս, մուտք գործելով այդ տիրույթ, սկսելու ենք տարբեր միջնորդություններ հարուցել՝ բարդացնելով նախագծված սցենարի իրականացումը, մեր կարգավիճակը հաստատելուց ընդամենը մի քանի օր անց հապճեպորեն հայտարարեց նախաքննությունն  ավարտված:

Այսպիսի ներկայացմանը, բնականաբար, հաջորդեց մեր բոլոր միջնորդությունների մերժումը: Նախ՝ նախաքննության ավարտից հետո ընդամենը մեկ օր ժամանակ հատկացվեց մեզ՝ երեք հատորանոց (մոտ 1200 թերթ) գործին ծանոթանալու եւ միջնորդություններ ներկայացնելու համար: Սովորաբար, գործում է մեկ հատորի համար մեկ օր ժամանակ տալու սկզբունքը: Բնականաբար, մենք բողոքարկեցինք,  քաղհասարակության ճնշման շնորհիվ այդ որոշումը փոխվեց, եւ մեզ 5 օր ժամանակ տրվեց:

Այնուամենայնիվ, մեր ներկայացրած բոլոր միջնորդությունները մերժվեցին: Քննությունը վերահսկող դատախազը նույնիսկ չէր էլ սպասել մեր բողոքներին՝ չնայած որ քրեադատավարական օրենսդրությունը պարտավորեցնում է դա, եւ գործն ուղարկել էր դատարան:  Այսինքն՝ ակնհայտ էր, որ դատախազը չէր էլ պատրաստվում այդ բողոքները լրջորեն քննել:

Մի խոսքով, մենք այս ամենն անվանեցինք մի կենտրոնից ղեկավարվող միասնական սցենար, որի գերակա նպատակն է  մեղադրյալների շրջանակը սահմանափակել այս վեցով եւ թույլ չտալ, որ հանցագործության հետ առնչվող անձանց շրջանակն ընդարձակվի:

Ինչ վերաբերում է դատաքննությանը. նախ՝ հանցագործության բացահայտման եւ գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ դատաքննության համար անհրաժեշտ միջնորդությունները, որոնք մենք ներկայացրել էինք դատարանին, ուղղակի հետաձգվեցին գրեթե մեկ տարով: Ցանկացած  քիչ թե շատ պրոֆեսիոնալ իրավաբանի համար ակնհայտ է, որ, օրինակ, տուժողների առգրավված, սակայն իրեղեն ապացույց չճանաչված հագուստի դատակենսաբանական, մասնիկաբանական փորձաքննության նշանակումը, մեղադրյալների հագուստի առգրավումը և իրեղեն ապացույց ճանաչելը, տեղազննության իրականացումը, «Հարսնաքար» ռեստորանային համալիրի փաստաթղթերի առգրավումը և հետազոտումը, մեղադրյալների աշխատանքային պայմանագրերի (որոնք, ըստ մեզ, կեղծ են, և կեղծված են դրանցում մեղադրյալների ստորագրությունները՝ այն նպատակով, որ ցույց տան, թե իբր մեղադրյալները Ռուբեն Հայրապետյանի թիկնապահները չեն, այլ «Հարսնաքարի» աշխատողներ են) ստուգումը՝ ձեռագրաբանական փորձաքննության միջոցով, հեռախոսազանգերի վերծանումը, համակարգչային կրիչների փորձաքննությունները, Վահե Ավետյանի կրկնակի հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննության նշանակումը եւ այլն՝ ուշ իրականացնելու դեպքում դրանց արդյունավետությունն էականորեն նվազում է: Բոլորի համար ակնհայտ է, որ դրանք հետաձգելու արդյունքում այն արդյունքը, որը կարող էր ստացվել, եթե ոչ իսպառ զրոյանում է, ապա՝ էականորեն նվազում է:  Այնուամենայնիվ, նույնիսկ մեկ տարի հետաձգելուց հետո էլ դատարանը, բոլոր միջնորդությունները մի քանի նիստի ընթացքում քննելու պատրանք ստեղծելով, անխտիր մերժեց դրանք:

Ի՞նչ էական նշանակություն կարող էին ունենալ այդ փորձաքննությունների արդյունքները:

Դատեք ինքներդ. օրինակ, հեռախոսազանգերի վերծանման հանգամանքը. իհարկե, կան որոշ հեռախոսազանգերի վերծանումներ, բայց, նախ, վերծանված չեն Ռուբեն Հայրապետյանի հեռախոսազանգերը: Ամբաստանյալներից Նորայր Հայրապետյանը ունի ե՛ւ «Արմենթելի», ե՛ւ «Վիվասելի» հեռախոսահամարներ, սակայն վերծանվել են միայն «Վիվասելի» հեռախոսազանգերը: Ի՞նչն է պատճառը, որ Նորայր Հայրապետյանի «Արմենթելի» հեռախոսազանգերը չեն վերծանում: Սա լուրջ հարց է: Չէ՞ որ Ն. Հայրապետյանի հետ զրույցի վերաբերյալ Ռուբեն Հայրապետյանը վկայություն է տալիս, «Հարսնաքարի» տնօրենը վկայություն է տալիս: Մի՞թե այդ վկայությունները ստուգման կարիք չունեն: Ակնհայտ է, որ եթե դատարանը ստուգելու հնարավորթյուն չի տալիս, ուրեմն միտում կա:

Բացի այս ամենից, մեր կարծիքով, սա շատ ավելի մեծ սցենար է, ընդ որում՝ համեմված տարբեր լրատվամիջոցների հետեւողական եւ ուղղորդված լուսաբանմամբ: Օրինակ՝ մի շարք լրատվամիջոցներ, դատը լուսաբանելիս, իրենց եթերի հիմնական ժամանակը նվիրում էին այն փաստի լուսաբանմանը, որ տուժողի ներկայացուցիչ փաստաբանը 20 րոպե ուշացել է՝ «չնկատելով» դատավարության որևէ այլ մասնակցի՝ մինչև մեկ և կես ժամ ուշացումները և բազմաթիվ անհարգելի բացակայությունները: Այսինքն, փորձում են էժանագին ինտրիգներ մտցնել եւ հասարակությանը հեռու պահել իրական տեղեկատվությունից:

Դատարանը համառորեն, մի քանի անգամ անդրադառնալով մեր առաջադրած դատակոչի ցուցակին, չքննեց Ռուբեն Հայրապետյանին դատակոչելու հարցը: Մոտավորապես երեք անգամ առանձին շեշտադրմամբ մենք դատարանին խնդրեցինք որոշում կայացնել Հայրապետյանին դատակոչելու միջնորդության կապակցությամբ: Դատարանը խույս տվեց այդ հարցին անդրադառնալուց եւ մի հետաքրքիր «դիպվածով», բոլորի համար անակնկալ՝ Ռուբեն Հայրապետյանը  որոշեց ներկայանալ եւ վկայություն տալ այն ժամանակ, երբ իրեն պետք էր: Սակայն ի դժբախտություն սցենարիստների՝ լիարժեք չիրականացրեց այն՝ ի ցույց դնելով այն ողջ անհանդուրժողականությունը, որն առկա է, բազմիցս հեգնելով տուժող կողմին, և պարզապես ցուցադրեց այն իրականությունը, որի նպատակը միայն դատարան գալուց չվախեցողի տպավորություն ստեղծելն է և ոչ մի դեպքում՝ այն տեղեկությունները տրամադրելը, որոնք իրեն հայտնի են և էական նշանակություն կարող են ունենալ գործի լուծման համար: Դատարանը մերժեց մեր բոլոր միջնորդությունները եւ անմիջապես գնաց դատաքննությունը ավարտելուն, որպեսզի աժիոտաժը հնարավորինս քիչ լինի: Իսկ ինչ վերաբերում է մեր միջնորդությունների քննությանը, դատարանը փորձում էր պատրանք ստեղծել, որ խիստ մտահոգված է դրանց էությամբ, տարբեր հարցադրումներ էր կատարում, բայց ի վերջո ամբողջությամբ մերժեց:

Այսքանից հետո պե՞տք է արդյոք ենթադրել, որ արդարացի դատավճիռ չի կայացվի, եւ տուժող կողմը կբողոքարկի վճիռը:

Դժվարանում եմ կանխատեսումներ անել, բայց պետք է շեշտեմ, որ դատավճռի բողոքարկման հիմքը ոչ միայն արդարացնող կամ մեղադրական դատավճիռ կայացնելն է: Դատարանը կարող է բոլոր ամբաստանյալներին դատապարտել, բայց դա չի նշանակում, որ վճիռը բողոքարկման ենթակա չէ: Տվյալ դեպքում պետք է հաշվի առնել ամենակարեւոր փաստը. մեղադրյալներից ոչ ոք չի մեղադրվում սպանության մեջ: Նրանք մեղադրվում են ընդամենը ծանր մարմնական վնասվածք հասցնելու մեջ: Եւ սա ամենաէական փաստն է, քանի որ լայն հասարակական շրջանակներում մարդիկ լիարժեք չեն պատկերացնում, թե այդ մարդկանց ինչի համար են դատապարտում: Նույնիսկ եթե այդ մարդկանց դատապարտեն, ասենք, վեց տարով, դա չի նշանակի, որ նրանց կատարած արարքին համարժեք գնահատական է տրվում:

Մյուսը՝ եթե դատապարտվեն այդ 6-ը, միեւնույն է՝ հանցագործությունը լիարժեք բացահայտված չէ, որովհետեւ գոյություն ունեն նաեւ, ըստ մեր ունեցած տեղեկությունների, այլ մասնակիցներ: Համենայն դեպս, մի շարք ցուցմունքներով երեւում է, որ կան այլ մարդիկ, կա գործից անջատված մաս: Շատ գործոններ կան, որոնք վկայում են այն մասին, որ այս 6-ով չի սահմանափակվում հանցագործների կամ հանցագործության հետ առնչություն ունեցողների շրջանակը:

Բացի այդ, առկա են նախաքննության ուղղակի անթույլատրելի բացթողումներ եւ նախաքննության ընթացքում կյանքի իրավունքի պաշտպանության գործով ընթացակարգային լրջագույն խախտումներ և խախտված իրավուքների ոչ արդյունավետ պաշտպանության հնարավորություն: Այս հարցի կապակցությամբ մենք միջնորդել ենք կայացնել լրացուցիչ որոշում: Լրացուցիչ որոշում կայացվում է այն պարագայում, երբ դատարանն արձանագրում է նախաքննության ընթացքում տեղ գտած այն բոլոր խախտումները, թերությունները, որոնք խոչընդոտել են հանցագործության քննության բազմակողմանիությունը, լրիվությունն ու օբյեկտիվությունը: Լրացուցիչ որոշման պարագայում, որն ուղարկվում է համապատասխան մարմին կամ դրա վերադասին, պետությունն իր պոզիտիվ պարտավորությունների շրջանակներում, լիազոր մարմնի միջոցով, պետք է ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում, քննարկի այն և ձեռնարկի համապատասխան միջոցներ առկա խախտումները վերացնելու կամ նմանատիպ խախտումները բացառելու ուղղությամբ: Այսինքն՝ մինչդատական վարույթն իրականացրած մարմնի պատասխանատվության հարցն է բարձրանում: Սակայն հաշվի առնելով դատաքննության ողջ ընթացքը` չի կարելի ակնկալել, որ դատարանն այդպիսի «գլխացավանք» կառաջացնի միևնույն շղթայի այլ օղակների համար:  

 

 

 

 

Նախորդ հոդվածը‘Հալեպահայ նահատակված զինվոր Վրեժ Քեշիշյանի հուղարկավորությունը տեղի է ունեցել Դամասկոսի Սբ.Սարգիս եկեղեցում’
Հաջորդ հոդվածը‘ԱՄՆ հատուկ ծառայությունները նախազգուշացնում են նախապատրաստվող ահաբեկությունների մասին’