‘
««Նարեկացի» արվեստի միության գործով դեռևս կան 5 տարբեր դատական գործեր: Դրանցից մեկն արվեստի միության հիմնադիր նախագահ և GH Storage Enterprise ընկերության տնօրեն Նարեկ Հարթունյանին վերաբերող քրեական գործն է, որով նա մեղադրվում է հարկերից խուսափելու համար»: Այդ մասին iLur.am-ի հետ զրույցում ասաց Նարեկ Հարթունյանի փաստաբան Հայկ Ալումյանը:
Նրա փոխանցմամբ՝ իրենք դատական հայցով դիմել են նաև վարչական դատարան՝ Հարթունյանի հասցեին պետեկամուտների կոմիտեի առաջին տեղակալի արած հայտարարությունները հերքելու պահանջով, մյուսով՝ հաշիվների վրա առկա կալանքները հանելու պահանջով, մեկ այլ հայցով պահանջել են նախկին տնօրենի դեմ քրեական գործ հարուցել, իսկ մեկ այլ հայցով էլ դիմել են Եվրադատարան, քանի որ իրենց կարծիքով՝ Նարեկը և արվեստի միության ևս երկու աշխատակիցներ անօրինական են կալաքի տակ պահվել:
Հիշեցնենք, որ ՊԵԿ-ի քննչական վարչության վարույթում քննվող քրգործով «ՋԻ Էյջ Ստորիջ Էնթրփրայզս» ՍՊԸ տնօրեն Նարեկ Հարթունյանին, հաշվապահ Արթուր Գալստյանին 2011թ. դեկտեմբերի 9-ին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 205 հոդվածի 2-րդ, 38-205 հոդվածի 2-րդ (առանձնապես խոշոր չափերով հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափել) և 190 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելը, որը կատարվել է խոշոր չափերով (փողերի լվացում)), իսկ ընկերության փոխտնօրեն Անի Մնացականյանին` 38-205 հոդվածի 2-րդ մասով (առանձնապես խոշոր չափերով հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելուն օժանդակել) և նրանց նկատմամբ Երևանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների առաջին ատյանի դատարանի որոշմամբ որպես խափանման միջոց էր կիրառվել կալանավորումը: Երկու օր անց, սակայն, փոխվել է նրանց խափանման միջոցը, և նրանք ազատ են արձակվել:
‘