‘Փարիզի գրադարանում Հայոց ցեղասպանության վերաբերյալ փաստաթուղթ է հայտնաբերվել’

1740

Փարիզի գրադարանում Հայոց ցեղասպանության վերաբերյալ փաստաթուղթ է հայտնաբերվել: «Ագոս» թերթի համաձայն,  թուրք պատմաբան Ումիթ Քուրթը և լրագրող Ալև Էրը Փարիզի Նուբարյան գրադարանում կատարած ուսումնասիրությունների ընթացքում հայտնաբերել հայ գրող Զապել Եսայանի 11-էջանոց զեկույցը, որում պատմվում է 1915 թվականին հայ կանանց և աղջիկների նկատմամբ թուրքերի վայրագությունների մասին:

Նրանց համոզմամբ, այդ փաստաթուղթը մինչ օրս հրապարակված չէ: Փաստաթուղթը ներկայացվել է Փարիզում խաղաղության կոնֆերանսում հայկական ազգային պատվիրակության նախագահ Պողոս Նուբար փաշային, ով այն փոխանցել է կոնֆերանսի մյուս մասնակիցներին: Զապել Եսայանը զեկույցում նշում է, որ պատերազմի սկզբից ի վեր երիտթուրքական կառավարությունը վարում էր երկրի ոչ մահմեդական բնակչության  հիմնովին բնաջնջման քաղաքականություն: Նրանք առևանգում էին երիտասարդ կանանց, աղջիկներին, երեխաներին: Ըստ Եսայանի, նրանց թիվն անցնում է 200 հազարից:

Առանձին կետերով ներկայացված են տեղեկություններ այն մասին, թե թուրքերն ինչպես էին առևանգում կանանց ու երեխաներին: Բազմաթիվ կանանց և երեխաների փախցնում էին քաղաքներից ու գյուղերից: Էրզրումում թուրք սպաներն առևանգում էին քաղաքի նշանավոր ընտանիքների աղջիկներին, իսկ Էրզինջանում` ունևոր ընտանիքների աղջիկներին: Կանանց և երեխաներին առևանգում էին այն բանից հետո, երբ քաղաքներից ու գուղերից քշում էին տղամարդկանց: Քարավաններն ուղեկցող ոստիկանները մեկ-երկու օր քշելուց հետո քարավանը կանգնեցնում էին աղբյուրի մոտ, սակայն արգելում էին ջուր խմել: Ջուր խմելու թույլտվություն ստանալու համար նրանք պետք է հանձնվեին թուրք զինվորներին: Երբ կանայք հասնում էին որևէ բնակավայրի, քարավանները հսկող ոստիկանների հովանավորությամբ նրանց ճամբարների վրա հարձակվում էին քրդերը, չերքեզները, չեչենները: Զեկույցի ամենասարսափելի մասը վերաբերում է հայ կանանց նկատմամբ թուրքերի վերաբերմունքին: Եսայանը նշում է, որ բարձրագույն դասի կանանց պահպանում էին հատուկ պատրաստված զինվորներ: Այդ կանանցից շատերն ինքնասպան էին լինում: Մայրերն իրենց աղջիկներին նետում էին Եփրատ գետը:  Երիտասարդ կանայք նորածին երեխաների հետ միասին նետվում էին ժայռերից: «Շատերը խելագարվեցին: Ոմանց բռնաբարությունից հետո հաջողվում էր փախչել, սակայն մեծ մասը փախչելիս սպանվում էր: Մարդկանց չնչին մասը միայն կարող էր իրեն պաշտպանել», — գրում է Եսայանը:

Հոդվածագիրը նաև հայտարարում է, որ Եսայանի զեկույցը փոխանցվել է նաև Առաքել արք. Չաքրյանի գլխավորած հանձնաժողովին, որն զբաղվում էր որբերի և այրիների վերադարձի հարցերով:

Զապել Մկրտչի Եսայանը (Հովհաննիսյան) ծնվել է  1878 թվականին Կոստանդնուպոլսում, ավարտել է Սկյուտարի Ս. Խաչ վարժարանը (1892), Փարիզում հետևել Սորբոնի և Կոլեջ դը Ֆրանսի գրականության ու փիլիսոփայության դասընթացներին։ Փարիզում ամուսնացել է նկարիչ Դիքրան Եսայանի հետ` նրան պարգևելով երկու զավակ: 1909 թվականին վերադառնալով Պոլիս` նա ներառվել է Ադանա մեկնող պատվիրակության կազմում և ականատես է եղել կոտորածին: Ուղևորության մասին զեկույցն իրավամբ համարվում է նրա լավագույն աշխատանքներից մեկը: Եսայանը, որ միակ կինն էր 1915 թվականի ապրիլի 24-ին ձերբակալված հայ մտավորականների «սև ցուցակում», կարողացել է թաքնվել ոստիկանությունցի և փախչել Բուլղարիա: 1920-ական թվականներին Զապել Եսայանն այցելել է Խորհրդային Հայաստան և 1933 թվականին որոշել բնակություն հաստատել այնտեղ` գրականություն դասավանդելով Երևանի պետական համալսարանում: Նա դարձել է ստալինյան զտումների զոհ: 1937 թվականին աքսորվել է և մահացել անհայտ հանգամանքներում, ամենայն հավանականությամբ`1943 թվականին:

Նախորդ հոդվածը‘Նազարբաեւ. ԵԱՏՄ-ը Հայաստանի անդամակցության հարցը կորոշվի հոկտեմբերի 10-ին’
Հաջորդ հոդվածը‘«Բորուսիան» ընկերական խաղում ջախջախել է «Մայնհեյմին». Մխիթարյանը դարձել է գոլային փոխանցման հեղինակ (տեսանյութ)’