‘
Փարիզում հարձակում է տեղի ունեցել Լը Բուրժեում միջազգային ավիատիեզերական ցուցասրահում Ռուսօբորոնէքսպորտի պատվիրակության ղեկավար Սերգեյ Կորնևի վրա:
Փարիզի ավիասրահը Լը Բուրժեում ավիացիոն տեխնիկայի ամենամեծ ցուցահանդեսներից է աշխարհում: Միջոցառումը տեղի է ունենում երկու տարին մեկ:
Կորնևին կողոպտելու միջադեպը տեղի է ունեցել երեքշաբթի, Սեն Դընի շրջանում, երբ նա մեքենայով վերադառնալիս է եղել ցուցասրահից: «Թունելից դուրս գալուց հետո կողոպտիչները կոտրել են ավտոմեքենայի ապակին և բռնության սպառնալիքով պահանջել փող և թանկարժեք իրեր: Արագ արձագանքելու և ինքնատիրապետման շնորհիվ Կորնևին հաջողվել է իր մոտ պահել անձնագիրն ու այլ փաստաթղթեր»,- РИА Новости-ին պատմել է ռազմատեխնիկական համագործակցության գծով դաշնային ծառայության ներկայացուցիչը: Նրա խոսքով՝ Կորնևը թեթև վնասվածք է ստացել, սակայն հրաժարվել է հիվանդանոց տեղափոխվել: Ավտոմեքենայի վարորդը չի տուժել:
Ռուսաստանի ԱԳՆ-ն արդեն Ֆրանսիային նոտա է ուղարկել՝ ռուս պաշտոնյային կողոպտելու փորձը մանրակրկիտ հետաքննելու խնդրանքով:
Փոխանցում է ria.ru-ն:
‘