‘«Փարքինգ Սիթի Սերվիսի» տնօրենը կարծիք չունի, որ հայտնի’

1831

Ինչպես արդեն հայտնի է, Երևանի քաղաքապետարանը «սիրում» է որոշումներ ընդունել` առանց օրենքները հարգելու: Սակայն վճարովի կայանատեղիների վերաբերյալ ավագանու՝ դեկտեմբերին կայացրած որոշումը գագաթնակետն է, քանի որ պարունակում է ապօրինությունների ռեկորդային քանակ: Մամուլում արդեն նշվել է, որ սույն որոշումը «ապօրինությունների ռեկորդային քանակ» է պարունակում: Թե ՀՀ քանի օրենքի է միաժամանակ հակասում սույն որոշումը՝ կարող եք ծանոթանալ այստեղ:

Հայտնի է նաև, որ սույն որոշման արդյունքում Երևանի բոլոր վարչական շրջաններում ավտոկայանատեղիները տնօրինելու է «Փարքինգ Սիթի Սերվիս» ընկերությունը, որը պատկանում է Սերժ Սարգսյանի մանկության ընկերոջ՝ Միխաիլ Հարությունյանի ընտանիքին:

Թվում է, թե սույն ընկերության տնօրենը պետք է սուս ու փուս նստեր իր աթոռին և աղոթեր, որ բողոքի ալիքը շատ մեծ թափ չստանա, և քաղաքապետը ստիպված չլինի չեղյալ համարել կայանատեղերի մասին որոշումը:

Բայց արի ու տես, որ «Փարքինգ Սիթի Սերվիսի» տնօրեն Վազգեն Հարությունյանն այնքան համարձակություն ունի, որ խոսում է, և այն էլ՝  խոսում է օրենքից: Նա այսօր սենսացիոն հայտարարություն է արել. « Ես կարծիք ունեմ, որ մեր գործունեությունն ամբողջովին ամրագրված է օրենքով, և պետք է պահպանենք օրենքի ցանկացած տառ»:

Ներկայացնենք մի հատված նրա հարցազրույցից, որը նա տվել է tert.am-ին.

Պարոն Հարությունյան, Parking  City Service ընկերությունը կարմիր գծանշումներ չի անում պետական հիմնարկների ավտոկայանատեղերում, և ստացվում է, որ բարձրաստիճան պաշտոնյաները ու նրանց վարորդները չպետք է լրացուցիչ գումար վճարեն աշխատանքի ժամին իրենց ծառայողական մեքենաները աշխատանքի վայրին մոտ կանգնեցնելու համար, իսկ, օրինակ՝ տաքսու վարորդները, որոնք նույնպես աշխատանքի են, և շարքային մյուս ՀՀ քաղաքացիները պետք է վճարեն: Ո՞րն է տրամաբանությունը:

-Խորհուրդ կտամ բացել և նայել «Վճարովի ավտոկայանատեղերի մասին» կառավարության որոշումը, որտեղ ամեն ինչ ներառված է:

Միգուցե կառավարության որոշումով այդպես է։ Անգամ օրենքները վերին ճշմարտություն չեն և փոխվում ու լրացվում են: Այսինքն՝ վերանայման կարիք չկա՞:

-Հիմա, եթե օրենքի հետ խնդիր ունեք, կրկնում եմ, դիմեք իրենց:

Խոսքն այն մասին է, թե անհավասար պայմաններ չե՞ք տեսնում:

-Ես նմանատիպ կարծիք իրավասու չեմ հայտնել, ոչ էլ կարծիք ունեմ, որ հայտնեմ: Եթե համապատասխան կարծիք ունեք, դիմեք համապատասխան օրենքն ընդունողին, թող պարզաբանում ներկայացնի:

Ինչպե՞ս թե կարծիք չունեք: Դուք եք այդ ընկերության տնօրենը:

— Ես կարծիք ունեմ, որ մեր գործունեությունն ամբողջովին ամրագրված է օրենքով, և պետք է պահպանենք օրենքի ցանկացած տառ:

Վազգեն Հարությունյանի խոսքերը ավելորդ մեկնաբանությունների կարիք չունեն: Պետք է պարզապես անցնել գործի և Սերժ Սարգսյանի մանկության ընկերոջը զրկել ևս մեկ մենաշնորհից, իսկ «Փարքինգ Սիթի Սերվիսի» տնօրենին՝ «լոփո-լոփո» խոսելու ունակությունից:

Նախորդ հոդվածը‘Լարված իրավիճակ Կոմիտաս 5-ում. Բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը կտրել է երակները (ֆոտոշարք, տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Կուբացի մարզիկը «փախել է» Մոսկվայում ընթացող աշխարհի առաջնության ժամանակ’