‘
ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը Էստոնիա կատարած այցի ընթացքում հայտարարել է, որ Բալթյան երեք երկրների համար ավելի մեծ սպառնալիք չկա, քան նրանց «անկանխատեսելի հարևանը»՝ Ռուսաստանը:
Փենսի խոսքով՝ Մոսկվան շարունակում է փորձել «ուժով վերաձևել միջազգային սահմանները, խարխլել ժողովրդավարությունը անկախ հանրապետություններում և միմյանց դեմ տրամադրել Եվրոպայի ազատ երկրները»:
ՆԱՏՕ-ի անդամ հանդիսացող Էստոնիայի, Լատվիայի և Լիտվայի նախագահների հետ հանդիպումից հետո Փենսը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է շարունակել աջակցել այդ պետություններին:
«ՆԱՏՕ-ի ուժեղ և միասնական դաշինքն այսօր շատ ավելի անհրաժեշտ է, քան երբևէ՝ քառորդ դար առաջ կոմունիզմի տապալման պահից ի վեր: Եվ ոչ մի սպառնալիք այնքան վտանգավոր չէ Բալթյան երկրների համար, քան նրանց արևելյան անկանխատեսելի հարևանի կողմից բխող ագրեսիան»,- հայտարարել է Փենսը:
Փոխանցում է BBC-ն:
‘