‘Փեսան, գեբելսյան քարոզչամեքենան եւ Վարդենիսի խորհրդանշական քամին’

888

Մի քանի օր առաջ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում տեղի ունեցած ուժգին հողմը հաշված րոպեների ընթացքում ահռելի վնասներ պատճառեց քաղաքի բնակիչներին՝ կանգնեցնելով նրանց հուսալքության եզրին:

Բոլոր նորմալ, անգամ կիսանորմալ երկրներում նման աղետից հետո երկրի առաջին դեմքերը, համապատասխան գերատեսչությունների ղեկավարներն ու աշխատակիցները պետք է դեպքի վայրում լինեն: Հայաստանն անգամ կիսանորմալ երկիր չէ, եւ այստեղ  նախընտրում են նշել թիվ մեկ պաշտոնյայի ծննդյան օրը, քան  լինել աղետի ենթարկված մարդկանց կողքին:

Պաշտոնյաների փոխարեն՝ աղետից տուժած մարդկանց օգնություն ցուցաբերվեց ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի կողմից: Բայց հիմա խոսքը ոչ թե այդ օգնության, այլ մեկ այլ երեւույթի մասին է:

Որոշ լրատվամիջոցներ, այսպես կոչված՝ գեբելսյան քարոզչամեքենայի ներկայացուցիչները, փոխանակ խոսեին այն մասին, թե ինչու է կառավարությունն ուշացնում օգնությունը, ինչու ղեկավարները դեպքի վայրում չեն, վայնասուն բարձրացրին, թե իբր Վարդենիսի բնակիչները հրաժարվում են ընդունել «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի օգնությունը:

Գեբելսյան կամ փեսայական քարոզչամեքենային արդեն կարելի է խղճալ: Որովհետեւ արդեն մարդկանց պատահած դժբախտության հաշվին են փորձում PR անել աներոջ իշխանության համար: Ի վերջո՝ չի կարելի անցնել բոլոր սահմանները: Այդ նույն քարոզչամիջոցները լավ  կանեին ռեպորտաժ պատրաստեին փեսայի աներհոր 60-ամյակի տոնակատարությունից: Ավելի լավ կանեին՝ ցույց տային, որ իշխանությունների համար ավելի կարեւոր է ուտել-խմելը, քան մարդկանց կողքին կանգնելը: Վարդենիսցիներն այսօր հարց են տալիս, թե ինչո՞ւ դեպքից անմիջապես հետո կամ գոնե հաջորդ օրն իրենց մոտ չէին Սերժ Սարգսյանը եւ իշխանության մյուս ներկայացուցիչները: Որտե՞ղ էին Գալուստ Սահակյանը, նրա տեղակալները, Հովիկ Աբրահամյանը, թե ՞վախենում էին, որ քամին իրենց էլ կքշի:

Անկասկած՝ քաղաքական եւ ժողովրդի քամին  քշելու է ե՛ւ նրանց, ե՛ւ նրանց գարշահոտ քարոզչամիջոցները: Վերջին հաշվով ՝որեւէ անհատ առանձին պարտավոր չէ օգնել, երկիրը կառավարություն ունի, եւ հսկայական միջոցներ են հատկացվում հենց նման խնդիրները լուծելու համար: Ի վերջո, իշխանությունները ոչ միայն պետք է բիոզուգարաններ գնեն կամ պարտադիր կուտակային մտցնեն, այլ զբաղվեն իրենց բուն գործով:

Իսկ փեսան, որ Վատիկանում է եւ մոտ է Սուրբ Պետրոսի տաճարին ու Հռոմի պապ Ֆրանցիսկոսին, թող փորձի հետաքրքրվել, թե ինչպե՞ս են  կոչում նրանց, ովքեր սուտ լուրեր են տարածում բարի գործ անողների մասին եւ փորձում թյուրիմացության մեջ գցել ժողովրդին: 

Արթուր Բարսեղյան 

Նախորդ հոդվածը‘Արամ Մանուկյան. Ի՞նչ կապ ունի վրացական հոսանքը ‘
Հաջորդ հոդվածը‘Գերմանիային հավաքականի 7 ֆուտբոլիստներ հիվանդացել են գրիպով’